Սեւանի թիվ 33 հրշեջ փրկարարական ջոկատում կին հրամանատարի նշանակումից հետո փրկարարներն ավելի զգաստ ու բարի են դարձել, 33-ամյա Էվելինա Խաչատրյանն արդեն գիտի, թե ինչ առաջնային փոփոխություններ են հարկավոր:
«Աշխատելու եմ այնպես անել, որ ջոկատում զգացվի կանացի շունչը, օրինակ՝ պլանավորել եմ, որ պատուհաններին ունենանք վարագույրներ, այսինքն՝ ներքին հարդարման խնդիրները լուծենք: Բայց չենք մոռանալու մեր բուն նպատակը, առաքելությունը, որը փրկելն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց լեյտենանտ Խաչատրյանը, որը երկու օր է՝ ընտելանում է ջոկատի հրամանատարի իր նոր պաշտոնին:
Տղամարդ հրամանատարներին չզիջելու, նույնիսկ գերազանցելու համար Էվելինան որոշել է աշխատել իրեն չխնայելով՝ առանց հանգստի. «Պարտավորվածություն եմ զգում ինձ վրա, շաբաթվա յոթ օրն էլ կգամ աշխատանքի, որպեսզի ընկնեմ հունի մեջ, բավականին սովորելու բաներ կան»։
Էվելինան Լճաշեն գյուղից է, ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, մինչեւ ԱԻ աշխատակից դառնալը գերմաներեն է դասավանդել Մովսես Խորենցի համալսարանի Սեւանի մասնաճյուղում: Մինչեւ 2013թ. հինգ տարի աշխատել է «Կարմիր խաչում»՝ աղետների կառավարման եւ բնակչության տեղաշարժի բաժնում, որպես ջրափրկարարության ծրագրի հրահանգիչ։ 2013թ. օգոստոսից ծառայության է անցել ԱԻՆ-ում, որպես հատուկ բարդության ջրասուզական աշխատանքների հրամանատարի տեղակալ։
ԱԻ համակարգի պատմության մեջ Էվելինան առաջին երիտասարդ աղջիկն է, որը նշանակվել է հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, նա նաեւ միակ աղջիկն է ջոկատում:
Հրշեջ-փրկարարներն այժմ սովորում են պատվի առնել կին-հրամանատարին։
«Ճիշտ է՝ մի քիչ մեր հայ ազգի մեջ այնպիսի բան կա, որ կնոջը ղեկավար չեն ընդունում, բայց պետք է համակերպվենք: Եթե տեսնում ես, որ գործի մեջ քեզ կինն է ղեկավարում՝ քեզանից ավելի շատ բան գիտի, դու պետք է ձգտես, դու էլ լավը լինես: Տղաներն ավելի են զգաստացել, որովհետեւ կնոջ հետ գործ ունեն։ Խաչատրյանին վաղուց գիտեմ, միասին դասընթացների ենք մասնակցել, գիտելիքների վրա վստահ ենք, լավ փրկարար է»,- պատմեց փրկարարի 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Մանուկյան Աշոտը:
Նորանշանակ հրամանատարը աղջիկներին խորհուրդ է տալիս ավելի համարձակ լինել եւ չվախենալ փրկարարի ծանր աշխատանիքից. «Թող չունենան թերարժեքության բարդույթ, որ իրենք կին են, հակառակը, պետք է հակառակ սեռին կարողանան ապացուցել, որ իրենք ի զորու են կատարել ծանր աշխատաք: Կցանկանամ, որ աշխատակազմը համալրվի իգական սեռի ներկայացուցիչներով, ցանկության դեպքում կարող են դիմել մեզ»։











