Ապրիլի 15-ին Բերդավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունից ոտնաթաթի վնասվածք ստացած՝ Հաղթանակ գյուղի 49-ամյա բնակիչ Գաբրիել Բաբիկյանը իրեն արդեն ֆիզիկապես լավ է զգում եւ երկուշաբթի երրորդ անգամ է վիրահատվելու:
«Մի անգամ վիրահատել են Նոյեմբերյանում, պայթյունից վնասված ոտնաթաթիս մկանը մաքրել են, երկրորդը այստեղ են արել, ոսկորները փշրված են եղել, հավաքել են, երրորդ վիրահատությամբ էլ վերքերս պիտի փակեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ում հոսպիտալացված Գաբրիել Բաբիկյանը:
Նրա խոսքով` այդ օրը գնացել էր խնամու` Բերդավան գյուղի բնակիչ 56-ամյա բնակիչ Ռաֆիկ Մուղդուսյանի հետ ծնեբեկ հավաքելու, որպեսզի վաճառի, այդ ժամանակ էլ դեպքը տեղի է ունեցել. ինքը վիրավորվել է, խնամին՝ մահացել. «Աշխատանք չունեմ, բան չունեմ, ինչ անեի, ասեցի՝ գնամ ծնեբեկ հավաքեմ, գոնե էս մոտակա վարկերս փակեմ, մինչեւ գնամ Ռուսաստան»:
4 երեխաների հայր Գաբրիել Բաբիկյանն աշխատել է որպես պայմանագրային զինծառայող, զինվորական թոշակի անցնելուց հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատելու. «Էս վերջին երկու տարին չկարողացա գնալ դեպորտի պատճառով, հետո մնացի գյուղում, ստից-մտից գոյություն էինք պաշտպանում ինչպես բոլոր հայերը»:
Գաբրիելի կնոջ` Աշխեն Բաբիկյանի խոսքով` ամուսինը դեռ դուրս չի եկել այդ ողբերգական դեպքերի սթրեսից. գիշերները քնից վեր է թռնում, մղձավանջներ ունենում, վերապրում կատարվածը։
«Խնամուն է անընդհատ կանչում, ասում է՝ «Ռաֆո դիմացի, պահի, հեսա կհասնեմ, կօգնեմ», քնից վեր է թռչում, ընկնում ցնցումների մեջ։ Իրեն չի կարողանում ներել, որ ոչ մի բանով չի կարողացել օգնել իր աչքի առաջ մահացող խնամուն»,- պատմեց Աշխեն Բաբիկյանը:
Կնոջ խնդրանքով եւ բժշկի պահանջով է միայն Գաբրիելը հաց ուտում, ասում է՝ խիղճը տանջում է, չի կարողանում մոռանալ, թե ինչպես է երկու ժամ, մինչեւ իրենց օգնության կհասնեին, երկու ժամ արնաքամ եղել խնամին։
Գաբրիելը հիշում է խնամու վերջին բառերը. «Եթե ես առաջինը մահանամ, իմ էրեխեքին քոնից չջոկես»։
Արդեն 17 օր հիվանդանոցում գտնվող Գաբրել Բաբիկյանի բուժման ծախսերը հոգում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 56-ամյա Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը եւ Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Հրաչի Բաբիկյանը, ապրիլի 15-ին Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել էին սահմանամերձ ականապատ տարածքում եւ պայթել ականի վրա, ինչի հետեւանքով Ռաֆիկ Մուղդուսյանը մահացել էր, իսկ Գաբրիել Բաբիկյանը՝ տեղափոխվել հիվանդանոց:











