Իր առանձնասենյակում հունվարի 29-ին «Լիլի» հարսանյաց սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանի սպանությունը վենդետայի հետեւանք էր: Հարսանյաց սրահի սեփականատիրոջ սպանությունը պատվիրել էր 2008թ. մայիսի 25-ին սպանված Վրեժ Հովհաննիսյանի (Արջո) եղբայր Կամո Հովհաննիսյանը, որը համոզված էր, որ իր եղբոր սպանությունը պատվիրել էր Գրիգոր Խաչատրյանը: Այս մասին տեղեկանում ենք սպանության մանրամասների վերաբերյալ ոստիկանության տեսանյութից։
6 տարվա ընթացքում ոստիկանները բազմիցս փորձել են կողմերին հաշտեցնել, կանխել վենդետայի հնարավորությունը, բայց չի ստացվել, Արջոյի հարազատները տարբեր միջավայրերում հայտարարել էին, որ վրեժխնդիր են լինելու: Վրեժ Հովհաննիսյանի ազգականներին զայրացրել էր այն, որ Գրիգոր Խաչատրյանը պարբերաբար օգնություն է ցուցաբերում Արջոյին սպանած Կարապետ Խաչատրյանին եւ նրա ընտանիքին, նույնիսկ մի անգամ հայտարարել էին. «Նրանք մեր լավին են տարել, մենք էլ իրենց լավին ենք տանելու»:
Ոստիկանության քննչական գործողությունների արդյունքում ապրիլի 25-ին ՀՀ գլխավոր քննչական վարչություն բերման են ենթարկվել Հարություն Ասատրյանը, Արթուր Հակոբյանը, որոնք խոստովանել են, որ Գրիգոր Խաչատրյանին իրենք են սպանել Վրեժ Հովհաննիսյանի եղբայր Կամո Հովհաննիսյանի պատվերով: Կամո Հովհհաննսյանն իր ազգական Արտակ Ավետիսյանի միջոցով է պայմանավորվածություն ձեռք բերել Հարություն Ասատրյանի եւ Արթուր Հակոբյանի հետ, նրանց հանձնել ատրճանակ, 4000 դոլար գումար, Գրիգոր Խաչատրյանի լուսանկարը:
Սպանությունը կատարել է Հարություն Ասատրյանը, որը 3 անգամ դիմահար կրակել է Գրիգոր Խաչատրյանին, այնուհետեւ դիմել է փախուստի, իսկ հիվանդանոց տեղափոխված Գրիգոր խաչատրյանը գիտակցության չգալով մահացել է:
Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է դեպքի վայրից քիչ հեռու, ջրանցքում:
Ոստիկանները գործողություններ են իրականացնում վենդետայի հետագա շարունակությունը կանխելու ուղղությամբ:
Մանրամասները տեսանյութում։











