82-ամյա Ազգանուշ Գինոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր է։ Օրական առնվազն 30-40 րոպե նա անցկացնում է «Ֆեյսբուքում». իր անձնական էջում նկարներ է տեղադրում, երգերով կիսվում, զրուցում արտասահմանում ապրող իր բարեկամների հետ: Տեսողությունից բողոքող Ազգանուշ տատիկի և «Ֆեյսբուքի» միջև միջնորդը նրա թոռնիկն է՝ Աշխենը, որն էլ տատիկին երկու ամիս առաջ գրանցել է սոցիալական ցանցում ու նրա հրահանգով նկարներ է ավելացնում, «լայքեր» ու «շեյրներ» անում։
Աշխենի խոսքով՝ սկզբում ոչ ոք չէր հավատում, որ տատիկն է գրանցվել. «Մտածում էին, որ ես բացել եմ իր անունից ինչ-որ ուրախ-ուրախ բաներ եմ ավելացնում, բայց իրականում ամեն ինչ ինքն էր անում»:
Ազգանուշ տատին ակտիվորեն հետևում է նաև քաղաքական անցուդարձին, շոու բիզնեսի նորություններին, հավանել է իր նախընտրած կատարողների էջերը, հետեւում է թարմացումներին։
«Եթե հարմար եմ գտնում, մեկնաբանություններ էլ եմ գրում եմ, բա ոնց»,- ասում է Ազգանուշ տատին։
Առաջադեմ տատիկը նաև «Դեմ եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան խմբի անդամ է և կողմ է երիտասարդների այդ նախաձեռնությանը: Նա հստակ դիրքորոշում ունի պարտադիր կուտակային կենսաթոշակի վերաբերյալ. «Մի գիժ քարը գցում է ծովը, հազար խելոք չեն կարողանում հանել, այ էդ կուտակայինն ա, տենց էլ գրի»:
Ազգանուշ տատին վերլուծություններ է անում նաև գենդերային խնդիրների շուրջ:
«Տղամարդը իր աշխատանքն է կատարում, կինն էլ՝ իր, կարո՞ղ ա կինը նենց բան անի, որ տղամարդն ա անում, իսկ տղամարդն էլ չի կարա նենց բան անի, որ կինն ա անում: Տղամարդը կարո՞ղ ա երեխա բերի, չի կարա»,- ասում է Ազգանուշ տատիկը, որը դեմ է գենդերային հավասարությանը։
Ազգանուշ տատին իր հասակակիցներին հորդորում է, որ ակտիվ լինեն, գրանցվեն Facebook-ում. «Եթե կան տենց մարդիկ, որ կարող են ինձ հետ մրցել, թող մտնեն Facebook»:











