Կնոջը՝ 36-ամյա Լուսինե Դավթյանին սպանած՝ Արմավիրի Մուսալեռ գյուղի բնակիչ, 38-ամյա Արսեն Առաքելյանի գործով դատական հերթական նիստը այսօր՝ մայիսի 5-ին, սկսվեց փոխադարձ վիրավորանքներով: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող դատական նիստի ժամանակ Արսեն Առաքելյանը ընդհատեց սպանվածի մոր՝ Մարիետա Դավթյանի ցուցմունքը՝ մեղադրելով նրան կեղծ վկայություն տալու մեջ։
«Այ ջադու, կախարդ, ամբողջ տունս քանդեցիր: Հերիք ա դատարանում կապիկություն անես»,- ասաց մեղադրյալը, մինչ սպանվախ կնոջ մայրը պատմում էր, թե որքան վատ է վարվել ամուսինը դստեր հետ՝ պարբերաբար ծեծելով նրան։
Դատարանը ամբաստանյալին նիստերի դահլիճից հեռացրեց եւ միայն հանգստանալուց հետո թուլ տվեց զբաղեցնել դահլիճում իր տեղը։
Տիկին Մարիետան դատարանին պատմեց, որ ամուսնության առաջին օրվանից Արսեն Առաքելյանն իր աղջկա հետ վատ է վարվել:
«Համեստ, չեղած տեղից ստեղծող աղջիկ էր, բայց մեկ ա՝ Արսենի համար այդ ամենը կարևոր չէր, անըդհատ ծեծում էր: Հուլիսի 26-ին գլխին էնքան էր խփել, որ աղջիկս էլ չէր տեսնում: Այդ դեպքից հետո գնացինք, իրա դեմ ցուցմունք գրեցինք, բայց երկու ժամ հետո բաց թողեցին: Դուրս գալուց հետո բանկայով թույն էր վերցրել, ինձ էր ման գալիս ու բոլորին ասում էր, որ ինձ պետք է թունավորի ու դանակով երկու տեղից խփի, որ ես չաղ եմ, եթե մի անգամ խփի, չեմ մեռնի»,-ասաց Մարետա Դավթյանը:
Վերջինս նաև ավելացրեց, որ իր աղջկան վախեցնելու համար Արսեն Առաքելյանը տարբեր ստորությունների է դիմել, անգամ մի օր օձ է բերել տուն, հերձել, օձի սիրտը հանել բաժանել չորս մասի ու Լուսինեին ասել.«Նայի, եթե քեզ լավ չպահես, ախպորդ սիրտն եմ սենց անելու»:
Մարիետա Դավթյանի վկայությունից հետո ամբաստանյալը հայտարարություն արեց, որում նշեց, որ ողբերգություն չէր լինի, եթե զոքանչի խառնակչությունները չլինեին:
Մեղադրյալի մայրը՝ Սեդա Սարգսյանը, դատարանին ասաց, որ Լուսինեն իրենց ընտանիքի հետ շատ լավ հարաբերություններ ուներ, բայց երբ Լուսինեի մայրը միջամտում էր իրենց ընտանեկան գործերին, Լուսինեն ագրեսիվ էր դառնում և չէր ցանկանում իրենց հետ շփվել:
«Հերիք չի այն ժամանակ անընդհատ խառնվում էին Լուսինեի ու Արսենի կյանքին, հիմա էլ ինձ չեն թողնում թոռներիս հետ հանդիպեմ»,- դատարանին ասաց ամբաստանյալի մայրը:
NEWS.am-ի հետ զրույցում Լուսինե Դավթյանի հայրը՝ Ռուբեն Դավթյանը, ասաց, որ տիկին Մարիետայի խոսքերը իրականությանը չեն համապատասխանում՝ ավելացնելով, որ մի քանի օր առաջ ոստիկանությունից իրեն զանգահարեցին համապատասխան մարմինները, որոնք զբաղվում են անչափահասների գործերով, հարցրեցին, թե արդյոք երեխաները ցանկանում են շփվել իրենց հոր բարեկամների հետ:
«Երեխեքը հեռախոսով ասեցին, որ չեն ցանկանում իրենց հետ շփվել, դրանից հետո ոստիկանությունից ոչ զանգահարեցին, ոչ էլ եկան: Անգամ այսօր դատարանում, երբ փոքր թոռս իրանց տեսավ, վախից բղավեց»,-ասաց Ռուբեն Դավթյանը:
Իսկ Լուսինե Դավթյանի մայրը՝ Մարիետա Դավթյանը, NEWS.am-ին ասաց, որ ամբաստանյալի բարեկամներն ընդհանրապես խոսելու իրավունք չունեն, քանի որ նրանց պատճառով է, որ այսօր իր աղջիկը ողջ չէ և եթե նրանք Լուսինեին տանեին ոչ թե Վաղարշապատի՝ այլ ավելի լավ հիվանդանոց, ապա իր թոռների մայրը հիմա ողջ կլիներ:
«Եթե ցանկանային, կարային իմ երեխուն փրկեին, թող տանեին Երևանի հիվանդանոցներից մեկը, էն հիվանդանոցը, ուր կտանեին իրենց մյուս հարսներին, թող սրտացավ լինեին»,-ասաց տիկին Մարիետան:
Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց դատական նիստին վկաների չներկայանալու պատճառով:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 15-ին։
Հիշեցնենք, որ 37-ամյա Արսեն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, իր եղբայր Արտակ Առաքելյանի Մուսալեռ գյուղում գտնվող տանը ընտանեկան անհաշտությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջը՝ 36-ամյա Լուսինե Դավթյանին սպանելու` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ կեսերին, որովայնի առաջային պատին և վերին վերջույթներին, որի հետևանքով վերջինս ստացա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ նույն օրը` ժամը 23:00-ին մահացել է:
Արսեն Առաքելյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:











