Մետրոպոլիտենի՝ աշխատանքից հեռացված երեք աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, քանի որ մատյանում գրառումներ չեն կատարել մեքենայի տեխնիկական վիճակի մասին եւ մեքենախցիկ են ներս թողել օտար անձանց։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը՝ հերքելով, որ Սեւակ Հովհաննիսյանը, Գագիկ Գալստյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը աշխատանքից ազատվել են փետրվարի 12-ին Մետրոպոլիտենի դիմաց կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով։
Այսօր դատարանում Մետրոպոլիտենի երեք աշխատակիցների փաստաբան Քրիստինա Գեւորգյանը դատարանին ներկայացրեց իրենց պահանջը, որն է՝ անվավեր ճանաչել հայցվոր կողմի երեք ներկայացուցիչների աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել աշխատանքի եւ փոխհատուցել հարկադիր պարապուրդի համար:
Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը, որը Մետրոպոլիտենի իրավաբանական բաժնի պետն պնդեց, որ ընկերության նախկին աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել:
«Փետրվարի 13-ին հերթական ստուգայցն է անցկացվել եւ հայտնի է դարձել, որ նրանք խախտումներ են կատարել: Նրանք թույլ են տվել շահագործման խախտում, ինչպես նաեւ շարժասանդուղքին մոտ, մեքենախցիկ են թողել օտար մարդկանց»,- հայտարարեց Արտակ Երեմյանը:
Դատավոր Սիմիզար Հովսեփյանի այն հարցին, թե ի՞նչ է նշանակում շահագործման խախտում թույլ տալ, Արտակ Երեմյանը պատասխանեց . «Շահագործման խախտում է համարվում այն, որ նրանք գրանցամատյանում գրառումներ չեն կատարել մեքենայի տեխնիկական վիճակի վերաբերյալ»:
Դատավորը, այս փաստարկի վերաբերյալ մի քանի հարց ուղղելով, ասաց, որ ինքը միեւնույնն է չհասկացավ, թե աշխատակիցների կատարած խախտումները որոնք են եւ ինչու են նրանց աշխատանքից ազատել:
Հայցվոր Անդրանիկ Գեւորգյանը հայտարարեց, որ եթե անգամ իրենք գրանցամատյանում գրառում չկատարեն, միեւնույն են ձայնագրվում են իրենց խոսքերը, որից պարզ է դառնում, թե ինչ աշխատանք են կատարել:
Անդրանիկ Գեւորգյանը նաեւ անդրադարձավ այն պատճառաբանությանը, թե խցիկում օտար մարդիկ են եղել:
«Փետրվարի 13-ին ես էի հերթապահության, այդ օրը տեղի էր ունեցել վթար էներգոծառայության մոտ: Մեքենասրահում ընդհանրապես հոսանք չկար: Այդ օրը այնտեղ շատ մարդիկ կային, որոնք եկել էին վթարը վերացնելու, օտար մարդ չկար: Վթարի հետեւանքները վերացվել են մինչեւ աշխատանքային օրվա ավարտը» ,- պարզաբանեց Անդրանիկ Գեւորգյանը
Երեմյանը դատարանին հայտնեց, որ երեք աշխատակիցները նախկինում բազմիցս զգուշացումեր են ստացել, աշխատանքը պատշաճ կերպով չկատարելու վերաբերյալ, սակայն, հեռացվել են, քանի որ խախտումենրը դարձել են շարունակական:
Դատավոր Սիմիզար Հովսեփյանի այն հարցին, թե արդյո՞ք կան գրավոր փաստաթղթերը, որտեղ գրանցվել են նախազգուշացումները, Արտակ Երեմյանն ասաց՝ «նրանց բանավոր են զգուշացրել»:
Դատավորը հայտարարեց, որ Մետրոպոլիտենը պետք է ապացուցի այն փաստը, որ աշխատանքից ազատված երեք մեքենավարները պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքը:
Արտակ Երեմյանը այսօր դատարան էր ներկայացրել այն զեկուցագրերը, որում ներկայացված էին հայցվորների թույլ տված խախտումներ: Նա չէր ներկայացրել գրանցամատյանը, որտեղ կերեւար աշխատակիցները գրառումներ կատարել են, թե ոչ:
Հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է մայիսի 31-ին, Արտակ Երեմյանը կներկայացնի դատարանի պահանջած լրացուցիչ փաստաթղթերը՝ իր փաստարկները հիմնավորելու համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











