Ազատամարտիկներն այսօր՝ մայիսի 6-ին ժամը 13:30-ից «Ռեժիմ, ես հայ եմ, սպանիր ինձ» գրությամբ շապիկներով բողոքի ակցիա են անցկացնում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի մոտ՝ պահանջելու ազատ արձակել սեպտեմբերի 20-ից կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին (ֆոտոռեպորտաժ):
«Բոլորս եկել ենք այս կարգախոսով, այս շապիկներով, քանի որ Վոլոդյա Ավետիսյանը նույնպես այս շապիկով է գալիս եւ սրա իմաստն այն է, որ այսօրվա ռեժիմը սպանում է հայի մեջ նամուսը, խոսքի ազատությունը, մարդու պայքարելու ցանկությունը եւ դարձնում մարդուն սողացող, ռեժիմին ենթարկվող: Մնացել է ֆիզիկական ոչնչացումը, դա էլ ոչնչացրեք, պրծեք: Ի՞նչ է նշանակում դատավորների որոշումները, երբ վկաներն ասում են, որ փող չեն տեսել, երկու կին իրար մեջ բան են խոսել, իսկ նրանց ամուսինները գալիս եւ դատարանում վայրահաչում են, թե կինս է ասել, իսկ իրականում Վոլոդյան ասել է, որ դա իր ուժերից վեր է եւ ինքը չի կարող այդ ծառայությունը մատուցել»,- ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:
Նրա խոսքով՝ իրենց ամենաշատը վրդովվեցրել է այն, որ այսօր վաղ առավոտյան կալանավորված ազատամարտիկի մեքենայի վրա ծաղկեպսակ են դրել:
«Վոլոդյա Ավետիսյանի մեքենայի վրա գերեզմանոցի ծաղիկ են դրել, սա մեսիջ է: Ոչ թե Վոլոդյայի մեքենայի վրա են դրել, այլ մեր բոլորիս վրա են գերեզմանոցի ծաղիկ դրել»,- ավելացրեց Գագիկ Սարուխանյանը:
Ազատամարտիկներն իրենց հետ բերել են դրոշակներ եւ պարբերաբար վանկարկում են «ազատություն, ազատություն»:
«Ավետարանը բերել եմ, որ տեսնեմ, եթե արդար են դատում, թող դատեն, հակառակ դեպքում թող իրանց երեխեքի, ազգուտակի դեմը գա իրենց անարդար դատավարությունը: Թող ձեռքն այս ավետաանի վրա դնեն, ոչ թե Ղուրանի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Անդրանիկ Կետիկյանը՝ ավելացնելով, որ ինքն իր հայրենիքի համար է պայքարել, իսկ եթե ազատամարտիկ լիներ, հիմա կառավարությունում կլիներ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վոլոդյա Ավետիսյանին քիչ առաջ բերեցին դատարան: Դատական նիստը նշանակված է ժամը 14:30-ին:
Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: Նա կաշառք ստանալու պատրվակով,չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











