Պահեստազորի գնդապետ, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանին այսօր՝ մայիսի 6-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստին թույլ չտվեցին կարդալ կալանավայրից բերված հայտարարությունը:

«Թողեք արտահայտվի, լսում ենք Վոլոդյա»,- բացականչեցին ազատամարտիկները:

Վոլոդյա Ավետիսյանը հանգստացրեց ընկերներին՝ ասելով. «Եթե օրենքով չի թույլատրվում, երկու րոպե հետո կարտահայտվենք: Ռեժիմը մեզ չի կարող կարող ծնկի բերել, այսօրվա իշխանությունները ազատամարտիկների համառության շնորհիվ են ղեկավարում»:

Դատական նիստի հենց սկզբին ազատամարտիկի պաշտպան Արա Զաքարյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

«Անօրինական է նախորդ նիստին Ձեր կայացրած որոշումն այն մասին, թե պետք է հրապարակվի վկա Հենրիկ Հարոյանի նախաքննական ցուցմունքը: Դուք կողմնակալ եք եւ անաչառ չեք»,- ասաց փաստաբանը:

Նախորդ նիստին Հենրիկ Հարոյանը, որի պապը նրան զինծառայությունից ազատելու համար, ըստ մեղադրական եզրակացության, Վոլոդյա Ավետիսյանին 2000 դոլար է վճարել,  դատարանին հայտնել էր, թե ոչինչ չի հիշում, սակայն ամբաստանյալին ճանաչում է: Այդ պատճառով դատարանը որոշել էր հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, որն էլ բարկացրել էր փաստաբան Արա Զաքարյանին, որը բոյկոտել էր դատական նիստը եւ դուրս եկել դահլիճից:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատին ներկա են Վոլոդյա Ավետիսյանի ընկեր ազատամարտիկները, ինչպես նաեւ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, որը մինչեւ նիստի սկսվելը գոռում էր, թե «մինչեւ մայիսի 9-ը Վոլոդյան պետք է ազատ արձակվի, սա է մեր պահանջը»:

Նշենք, որ մինչեւ դատական նիստի սկսվելը ազատամարտիկները հավաքվել էին դատարանի առջեւ՝ պահանջելով ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին:

Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: Նա կաշառք ստանալու պատրվակով,չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am