Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր` մայիսի 6-ին, ակցիա էր կազմակերպել՝ իր պահանջեները ներկայացնող պաստառով կանգնելով  ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի տան մոտ։ NEWS.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին ասաց, որ եկել է ՀԺԿ առաջնորդի տան մոտ, քանի որ նա ներկայացնում է ՀԱԿ խմբակցությունը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, եւ պահանջում է, որպեսզի Ստեփան Դեմիրճյանը հրապարակի այդ ոլորտում իր երկամյա աշխատանքի հաշվետվությունը։

«Ցանկանում եմ, որպեսզի վերականգնվի այն ավանդույթը, որ ընտրողն իրավունք ունի իր ընտրած պատգամավորից հաշվետվություն պահանջել: Ես ընտրել եմ ՀԱԿ խմբակցությանը, իսկ ԱԺ-ում նրանց ներկայացուցիչը Ստեփան Դեմիրճյանն է»,- ասաց Վարդգես Գասպարին։

Վարդգես Գասպարին գոհ է միայն Նիկոլ Փաշինյանի, մասամբ նաեւ՝ Հրանտ Բագրատյանի աշխատանքից։ Արամ Մանուկյանի եւ Լեւոն Զուրաբյանի աշխատանքից նա այնքան էլ գոհ չէ եւ պատրաստվում է մոտակա օրերին նմանատիպ ակցիա կազմակերպել նաեւ նրանց տների մոտ։

Նշենք, որ Վարդգես Գասպարիին այդպես էլ չհաջողվեց հանդիպել Ստեփան Դեմիրճյանի հետ։ Գասպարիի հետ խոսեց ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը, որն ասաց, որ Գասպարին բողոքելու տեղ չունի, քանի որ Ստեփան Դեմիրճյանը բազմիցս հանդիպել է նրա հետ և քննարկելով նրան հուզող հարցերը եւ խորհուրդ տվեց ծանոթանալ Ազգային ժողովում Ստեփան Դեմիրճյանի ելույթներին։