Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության գործով մայիսի 6-ի դատական նիստին վկայություն տվեց հանգուցյալ Արտյոմ Կարապետյանի աներորդին՝ Արմեն Մարտիրսյանը, որը դատարանին ասաց, որ թեեւ մասնակցել է փեսայի հուղարկավորությանտը, սակայն չի իմացել, թե ինչից է մահացել իր քրոջ ամուսինը՝ «Շեկոն»։
Արմեն Մարտիրոսյանը դատարանում պատմեց, որ դեպքի օրը՝ 2013թ. ապրիլի 23-ին, աշխատավայրում է եղել, երբ քույրը (մահացած Արտյոմ Կարապետյանի կինը) զանգահարել է ու ասել, որ ամուսնուն հիվանդանոց են տարել։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, մինչեւ ինքը հիվանդանոց կհասներ, Արտյոմ Կարապետյանն արդեն մահացած է եղել, ինքն էլ չի հետաքրքրվել,թե ինչից է մահացել փեսան ու ինչ է կատարվել:
«Թաղմանը մասնակցել եմ, բայց չեմ իմացել՝ ինչից է մահացել, ես չգիտեմ նա թշնամիներ ուներ թե չէ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նախաքննական ցուցմունքում, սակայն, վկան գրել էր, որ մայրն է զանգել իրեն ու տեղեկացրել, որ փեսային կրակել են։ Երբ նրան ներկայացրին իր նախաքննական ցուցմունքը, վկան պնդեց. «Դեպքից մեկ տարի է անցել, ես ոչինչ չեմ հիշում, հիմա ինչ հիշում եմ, ասում եմ»:
Գործով տուժող՝ դեպքի օրը կրակոցից վիրավորված Հարություն Խաչատրյանի 15-ամյա դուստր ու 22-ամյա որդին՝ Գեւորգ Խաչատրյանն այդպես էլ դատարան չներկայացան, դատարան չներկայացավ նաեւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը, ու դեպքի ականատես, գործով վկա Էլմիրա Խաչատրայանը: Դատարանը որոշում կայացերց հրապարակել նիստին չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները:
Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հոր նախաքննական ցուցմունքում գրված էր, որ դեպքի օրը Քավոր Հարութը զանգահարել է եւ խնդրել իրեն հիվանդանոց տանել: Կամո Գրիգորյանն էլ ԱԺ հաշվեկշռում հաշվառված, որդու ծառայողական «Ինֆինիտի QX 56» մակնիշի 034 OO 11 պետհամարանիշի ավտոմեքենայով հասնելով դեպքի վայր՝ Հարություն Խաչատրյանին տանում է հիվանդանոց, որտեղ էլ ոստիկանները հետախուզում են ծառայողական մեքենան ու սրահից առգրավում որսորդական զենք՝ փամփուշտներով, կաստետ, անսարք վիճակում գտնվող էլեկտրաշոկ, հաբեր ու կաթիլայինի խողովակ:
«Ես եկել եմ դեպքի վայր իմ տղայի ավտոմեքենայով, տեսել եմ քավորի ձեռքն ու գլուխը արյունոտ, մտածել եմ, որ իրեն վատ է զգացել, ընկել ու վնասվել, երբ նստավ մեքենաս, հարցրեցի, թե ինչ է կատարվել, քավորն ասաց, որ գլուխն է ցավում, իմ մեքենայում էր նաեւ Գեւորգը (Քավոր Հարութի որդին) նրա ձեռքին զենք չի եղել։ Հետո ոստիկանները մեքենան զննեցին ու առգրավեցին որսորդական զենք փամփուշտներով, կաստետ, որը ես գտել եմ դրսից, ու վերցրել, դրել եմ մեքենայում, որ ուրիշները չվերցնեն, իրենց փորձանքի բերեն, էլեկտրաշոկ, որը չի աշխատում ու կաթիլայինի խողովակ, հաբերով, որ հորս համար եմ գնել։ Դրանից հետո ես ոչինչ չեմ իմացել, մասնակցել եմ Շեկոյի հուղարկավորությանը, բայց ես էլ դեպքի մասին ոչ մի մանրամասն չգիտեմ՝ ով է կրակել ու ինչի համար է կրակել»,- Կամո Գրիգորյանի նախաքննական ցուցմունքը ընթերցեց դատավոր Աշոտ Մանուկյանը:
Գործով վկա, դեպքի ականատես Էլմիրա Խաչատրյանն իր նախաքննական ցուցմունքում գրել էր, որ լսել է 3 կրակոց ու դուրս է եկել խանութից, դրսում տեսել է մոտ 25 տարեկան մի երիտասարդի՝ ձեռքին զենք: «Ես կանգնած էի խանութի դռան մոտ, լսեցի 3 հատ կրակոցի ձայն, դուրս եկա խանութից, նկատեցի, որ 20-25 տարեկան մի տղա՝ նիհար կառուցվածքով, սեւ գույնի կաշվե բաճկոնով, ինձ անծանոթ էր, երկու ձեռքով սեւ գույնի ինձ անծանոթ մոդելի ինքնաձիգը բռնած՝ վազելով անցավ Շիրակացի փողոցը, նստեց սպիտակ գույնի, ծածկը սեւ գույնի ավտոմեքենան ու մեծ արագությամբ ընթացավ դեպի Անի թաղամաս, նշված մեքենայի պետհամարանիշի վրա տեսա 999»։ Նշենք, որ խոսքը սպանութայն համար մեղադրվող՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի մեքենայի մասին է։
Գործով տուժող Հարություն Խաչատրյանի որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, նախաքննական ցուցմունքում գրել էր, որ դեպքի պահին լոգարանում է եղել:
«Ես լսեցի կրակոցի ձայներ, չեմ հիշում՝ քանի հատ, դուրս վազեցի, տեսա, որ հայրս ու ընկերը՝ Շեկոն իրար հետ արագ քայլելով եկան մինչեւ շենք, այդ ժամանակ ես տեսա, որ հորս ձեռքն արյունոտված էր, եւ մտածելով, որ հորս վրա են կրակել, անմիջապես վազեցի, բակում կառուցված մանղալի հորի տակից հանեցի իմ պապիս ավտոմատն ու հորս պաշտպանելու համար վազեցի դեպի Շիրակացու կողմը։ Հայրս ինձ տեսավ, ասեց, որ զանգել է Կամո հոպարին (ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայրը), որ գա, տանի հիվանդանոց։ Երբ պապային տարանք հիվանդանոց, ես հետ եկա՝ մտածելով, որ ոստիկանությունից կգան, ու զենքը նորից պահեցի : Հայրս ինձ ոչինչ չի պատմել կատարվածից, ես էլ չգիտեմ, թե ով է կրակել հորս ու Շեկոյի վրա»,- գրել էր Քավոր հարութի որդին։
Մահացած Արտյոմ Կարապետյանի մայրը՝ Գեղեցիկ Կարապետյանը, նույնպես հարցաքննվել է, վերջինս նախաքննական իր ցուցմունքում դեպքին չի անդրադարձել, գրել է միայն, որ պահանջում է արդար վճիռ կայացնել եւ պատժել մեղավորներին։
Վկաների հարցաքնման փուլն ավարտվեց, մայիսի 14-ին կսկսվի ապացույցների ուսումնասիրման փուլը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ ինքնապաշտպանվել է, եւ առաջինը իր վրա են կրակել:
Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեվորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն:














