«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախօրեին կայացած քաղաքական խորհրդի նիստը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:  Օրակարգի գլխավոր հարցը եղել է ձեւավորված քաղաքական նոր իրավիճակում կուսակցության ուղենշային մոտեցումներն ու առաջիկա անելիքները: Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ կառավարության ծրագրի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշման հարցը: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է հանդես գալ հարցազրույցով ու ներկայացնել կուսակցության մոտեցումները՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մինչեւ հարցազրույցը Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնել լսել իր քաղաքական թիմի ներկայացուցիչների տեսակետները:

Նիստի ընթացքում ելույթներ են ունեցել խմբակցության պատգամավորներն ու քաղաքական խորհրդի ներկայացուցիչները, ովքեր նշել են, որ որեւէ զիջում կուսակցության հեղինակության եւ արժանապատվության հաշվին բացառված է:

Դիմելով կուսակիցներին՝ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ԲՀԿ-ն կարեւոր դերակատարում է ունենալու մեր երկրի քաղաքական կյանքում, իսկ երկրի ապագայի կերտման կարեւորագույն գործոնը ընտրություններն են:

Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին անկեղծ զրույցի համար՝ տեղեկացնելով, որ առաջիկա հարցազրույցի ընթացքում անպայմանորեն հաշվի է առնելու առկա խնդիրների վերաբերյալ թիմակիցների տեսակետներն ու առաջադրած մոտեցումները: