28-ամյա Հասմիկ Խաչատրյանի՝ բախտագուշակ Վարսիկի հարսի դեմ ընտանեկան բռնության գործով դատական հերթական նիստը սկանդալով է ուղեկցվել այսօր՝ մայիսի 7-ին, Գավառի ընդհանուր իրավասության դատարանում։ Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, որն արդեն երկրորդ անգամ մասնակցում է դատական նիստին՝ սատարելով մեղադրվող կողմին, որովհետեւ, «հայ կինը չի կարող ամուսնուն բերել դատարան», դատական նիստից հետո վիճաբանեց տուժող Հասմիկ Խաչատրյանին աջակցելու եկած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Ես հայ ամուր ընտանիքի կողմակից եմ, դեմ եմ եվրոպական ձեւաչափերին, եւ որպես հայ պարտավոր եմ լինել այստեղ։ Որովհետեւ սա ցավ ա ոչ միայն մի ընտանիքի, այլ ամբողջ ժողովրդի համար»,- NEWS.am-ին ասաց սոցիալիստը՝ նշելով, որ եթե դատատավարությունն ավարտվի հօգուտ հայցվորի, ուրեմն «այդ զառազան կշարունակվի ամբողջ Հայաստանով»։

Նրա խոսքով՝ դարեր ի վեր հայ ընտանիքի ամուսինն իրավունք է ունեցել ապտակել կնոջը, եւ այդ խնդիրը պետք է լուծվի ընտանիքի ներսում։

«Էս դատավորն էլ, համոզված եմ, իրա կնոջ շրթունքներին մի անգամ խփել ա»,- ասաց Ռոբերտ Ահարոնյանը։

Նրա խոսքով՝ ինքը պայքարում է «Եվրոպան Հայաստանից վերացնելու» համար, առաջին հերթին եվրոպական չափանիշեր, մասնավորապես՝ գենդերային հավասարություն քարոզող ՀԿ-ների դեմ։

Ռոբերտ Ահարոնյանը «ընտանիք քանդելու» համար մեղադրեց ՀԿ-ների ներկայացուցիչներին, ինչից հետո սկսվեց վիճաբանություն, որն ավարտվեց քաշքշուկով ու հայհոյանքներով։

«Ես զարմանում եմ, Քյավառի ժողովուրդն ո՞ւր են, որ սրանց թողել են ստեղ հավաքվեն»,- զարմանում էր Ահարոնյանը եւ ՀԿ-ների ներկայացուցիչներին հորդորում էր. «Եղբայր, գնացեք ձեր Սփյուռքը»։

Ահարոնյանի կողմնակիցները փորձեցին խլել լրագրողների տեսախցիկները, ընդհանրապես, իրենց շատ ագրեսիվ էին պահում։ Երբ թվում էր թե վեճն արդեն ավարտվել է, նրանցից մեկը փողոցում հարձակվեց մեքենա նստող՝ ՀԿ անդամների վրա։ Ընդհարումն ավարտվեց, երբ ՀԿ-ները ավտոբուսով Երեւան վերադարձան։