«Բանդայի գործով» դատն այսօր` մայիսի 7-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց դատախազներ Սասուն Խաչատրյանի եւ Արսեն Բեգինյանի չներկայանալու պատճառով:
Դատավորն ընթերցեց դատախազների՝ դատարանին ուղարկված գրությունը, որում նշված էր, որ դատախազ Խաչատրյանը գործուղման է եւ հանրապետությունից դուրս է գտնվում, իսկ դատախազ Բեգինյանը բուժման նպատակով արձակուրդի մեջ է:
«Բանդայի գործով» ամբաստանյալ եւ այժմ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Քյարամ Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Քյարամ Ամոյանն ի վիճակի չի եղել դատարան ներկայանալ. «Ես գնացել եմ, Քյարամին տեսել եմ հիվանդանոցում, որ ցավակցեմ հոր մահվան կապակցությամբ եւ առողջական վիճակի մասին տեղեկանամ, ինքը իրոք ի վիճակի չէ դատարան գալու, իր մոտ շատ ծանր դեպրեսիվ վիճակ է: Դատապարտյալների հիվանդանոցից ես վերցրել եմ արդյունքները, թե ինչու նա չի կարող ներկայանալ դատարան, եւ այնտեղ գրված է, որ Ամոյանը գտնվում է դինամիկ հսկողության տակ, կատարվել է նեւրոպաթոլոգիկ կոնսուլտացիա, հաստատվել են էմոցիոնալ խանգարումները»:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ անընդմեջ դատական նիստն այս գործով հետաձգվում է: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 14-ին։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:











