«Հայազն» կուսակցությունը մայիսի 7-ին ստորագրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, որի նպատակն էր աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը: NEWS.am-ի հետ զրույցում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը ասաց, որ ստորագրահավաքին մասնակցող քաղաքացիները պատասխանում են այն հարցին, թե կողմ են, որ Հայաստանը առանց անդամակցելու Եվրամիությանը և Մաքսային միությանը լինի լիարժեք ինքնիշխան պետություն։
«Եթե Հայաստանը միանա որևէ վերազգային կազմակերպությանը, ապա դա նշանակում է և մեր խնդիրները այլևս մենք չենք լուծելու: Այն լուծումները, որոնք մենք ենք պատկերացնում , ուղղակի հակասության մեջ են ինչպես Եվրամիության ասոսացման, այնպես էլ Մաքսային Միության համաձայնագրերի հետ »,-ասաց Արմեն Աղայանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը չի կարող շահել որեւէ վերազգային կազմակերպությանը միանալուց. «Մենք կդառնանք ընդամենը աշխատուժ մատակարարող երկիր»։
Արմեն Աղայանի համոզմաբ՝ ցանկացած հայ անկախությունից բացի որևէ բան չի ցանկանում, ուրիշ խնդիր է, որ տարիներ շարունակ քարոզչություն է տարվել, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում միայնակ իր խնդիրները չի կարող լուծել:
«Այս քարոզչության արդյունքում մենք ունենք այն ինչ ունենք: Բոլոր կոպիտ սխալները իրականացրել են Հայաստանի իշխանությունները, որոնք փոխանակ հենվելու իրենց սեփական ժողովրդի վրա, փորձել են դրսից տղա բերել։ Հայաստանի ընտրությունը այն չէ, որ մենք պետք է միանանք Եվրամիությանը կամ Ռուսաստանին, այլ պետք է հասկանանք, որ մենք չպետք է մեր ինքնիշխանությունը հանձնենք օտարներին` մտնելով մի տանիքի տակ և սպասել, թե երբ է այդ փուչ տանիքը փլվելու»:











