Ազատամարտիկները բանտարկվել են դեռ 1994թ.-ից, եւ անկախ նրանից, որ նրանք կռիվ են տվել հայրենիքի համար, պետք է պատասխանատվություն կրեն իրենց կատարած հանցագործության համար: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Եռաբլուրում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը՝  անդրադառնալով պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորմանը:

«Շատ վատ ա, որ նոր եք իմանում: Ազատամարտիկներ կան` բանտարկված են 94 թվից, ես մի անգամ ասել եմ, մի անգամ էլ ասեմ. մի առիթով գնացել էի գաղութ, մտա, ինձ թվաց զորամաս եմ մտել, էնքան ազատամարտիկներ կային: Պատերազմի ժամանակ իմ հետ տղաներից էնքան կան, որ տարբեր ժամանակներում տարբեր հանցագործությունների համար, տարբեր մեղադրանքներով հայտնվել են բանտերում, հիմա եսիմ, նայած թե ով ինչի համար ա նստել, հանցագործություն անողներին իրոք բռնում են, տես, էլի քաղաքականացնում ես: Էսօր Երկրապահի օրն ա»,- ասաց ԵԿՄ նախագահը:

Անդրադառնալով ազատամարտիկների սոցիալական ծանր պայմաններին՝ գեներալն ընդգծեց, որ այսօր շատերն են վատ պայմաններում ապրում:

«Եկեք ազատամարտիկին եւ հայ ժողովրդին իրարից չանջատենք, եթե վատ ենք ապրում, ուրեմն բոլորով ենք վատ ապրում, ազատամարտիկներին ինչ-որ մեկն առանձնահատուկ չի ասում՝ վատ ապրի, ինչ-որ վատ բաներ կան, ուրեմն բոլորս ենք վատ ապրում: Ինչքան վատ բան կա, բոլորիս համար ա: Էսքան ազատամարտիկ կա, սաղի համար լա՞վ ա, կամ սաղիս համար վա՞տ ա: Իրոք դժվարություններ կան, սակայն սա թույլ չի տալիս ասելու, որ ինչ-որ մեկի համար լավ ա, ինչ-որ մեկի համար վատ ա, մենք վատ ենք: Բոլորին էլ ես ցանկանում եմ առողջություն, խաղաղություն, միասնություն, եւ սաղն էլ լավ ապրեն, եթե կգտնվի մի հայ, որը կուզի հայը վատ ապրի, ուրեմն ինքը հայ չի»,- ավելացրեց նա:

Նշենք, որ ազատամարտիկների մի խումբ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով բողոքի շարժում են նախաձեռնել։ Վոլոդյա Ավետիսյանը, որն այդ շարժման կազմակերպիչներից էր, արդեն ութ ամիս կալանավորված է խարդախության մեղադրանքով։ Նա իր մեղավորությունը չի ընդունում, նրա մարտական ընկերները նույնպես կարծում են, որ գործը նրա դեմ «սարքված» է։ NEWS.am-ի հետ զրույցում նախկինում ազատամարտիկները բազմիցս նշել են, որ Եռաբլուր են այցելում այն մարդիկ, ովքեր չեն կռվել հայրենիքի համար:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am