Հայոց բանակը, երկրապահները պատրաստ են պատերազմի, թշնամին թող կրկին փորձի, կստանա արժանի պատասխանը: Այս մասին այսօր՝մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Սեյրան Սարոյանը:
«Մենք պատրաստ ենք պատերազմի, որովհետեւ հզոր բանակ ունենք: Բանակի հետ միասին ունենք հզոր երկրապահ: Մեր բանակը միշտ՝ 24 ժամ, զգաստ ու պատրաստ է: Թող փորձեն, կրկին փորձեք, կստանաք, մենք չենք էլ մտածում պատերազմի մասին: 20-րդ դարի սկիզբը չի, էլի, որ չկարողանանք»,- նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Գեներալ Սեյրանը վստահ է՝ հայերը հաղթանակներ կունենան, եթե հավատան իրենց ուժերին:
«Մեր ազգը հզոր ազգ է, ուղղակի մեզ հավատալ է պետք մեր ուժերին: Մենք մեզ պետք է հավատանք, որ ամեն ինչ լավ լինի: Այս օրով մեր ժողովրդին մաղթում եմ առողջություն, մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, ստեղծող ժողովուրդ է, թող լավ լինեն»,- ասաց պատգամավորը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը այսօր Եռաբլուր պանթեոն են այցելել ազատամարտիկներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Նշենք, որ մայիսի 8-ը երկրապահի օրն է, որը պետական տոնացույցում ընդգրկվել է 2002թ-ից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











