Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ մայիսի 8-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը հայտարարեց, որ ինքը իրեն մեղավոր չի ճանաչում եւ հայտարարում է հացադուլ։
«Դատաքննության ընթացքում բազմաթիվ ապացույցներ են հայտնաբերվել, որոնք դուք անտեսում եք, դատեք ինձ իմ արածի համար, ոչ թե իմ չարածի համար։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ հենց այս պահից հայտարարում եմ հացադուլ»,- ասաց Դավիթ Խաչատրյանը այն բանից հետո, երբ մեղադրող Արթուր Զաքարյանը նրա համար 18 տարվա ազատազրկում պահանջեց։
«Միջնորդում եմ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112 հոդվածի 1-ին մասով, առաջին հոդվածով տասնչորս տարվա ազատազրկման դատապարտել, իսկ երկրորդով՝ չորս տարվա, ընդհանուր՝ տասնութ տարվա ազատազրկում»,-իր ճառը եզրափակեց Արթուր Զաքարյանը։
Ամբաստանյալի հայտարարությունից վրդովված՝ Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը բղավեց. «Ինձ ի՞նչ պատասխան ես տալու այս մի տարվա համար, պատասխանիր իմ հարցերին, դու գիտես՝ ես ընդունո՞ւմ եմ այն մեղադրանքը, որ տվել ես տղուս, իբր հայհոյել է իմ տղեն»։
Սպանվածի մայրը պնդեց, որ ինքը ցմահ ազատազրկում է պահանջում. «Ցմահ պիտի տան նրան, իմ վիշտը չի մեղմանա, տարին էլ ինձ չի փրկի , մենակ մահը ինձ կփրկի, փոխանակ ներողություն խնդրի եւ ասի, որ Լյուքսը այդպիսի տղա չէ, մի անգամ գովասանք չտվեց, չբարեհաճեց մի անգամ ներողություն խնդրել, հիմա կանգնել, ասում է՝ մեղավոր չեմ ճանաչում գլուխդ պատով ես տալիս»։
Դավիթ Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը նշեց, որ իրենք պատրաստ չեն պաշտպանական ճառի եւ քսան աշխատանքային օր խնդրեց պատրաստվելու համար։ Սա նույնպես առաջացրեց ներկաների վրդովմունքը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի երեսունին։
Դատական նիստից հետո Լյուքս Ստեփանյանի հարազատները դատարանի բակում էին չէին հանգստանում, անընդհատ բղավում էին, որ 18 տարի ազատազրկումը համարժեք չէ եւ շատ քիչ է Դավիթ Խաչատրյանի արարքի դիմաց, եւ սպառնում էին կրկին փակել Սեւան-Երեւան մայրուղին։
Նրանք իրենց հետ պաստառներ էին բերել՝ «Լյուքս Ստեփանյանին սպանողը թուրք է համարվում», «Պահանջում ենք ցմահ ազատազրկում» գրություններով։
Նշենք, որ դատական նիստն անցավ խստացված հսկողության պայմաններում։ Նիստերի դահլիճում աննախադեպ մեծ թվով դատական կարգադրիչներ եւ ոստիկաններ էին ներկա։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:











