ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետի` Վազգեն Խաչիկյանի և ծառայության 12 նախկին աշխատակիցների գործով այսօր` մայիսի 8-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին ևս մի քանի վկաներ:
Բոլոր վկաները հայտարարեցին, որ դատարանում ներկա ամբաստանյալներից ոչ մեկին չեն ճանաչում, մի մասն էլ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու են իրենց դատարան կանչել:
Վկա Էլեոնորա Լազարևան, որին դատարան էին կանչել իր տատիկի` Նինա Շաքարյանի կենսաթոշակի հետ կապված հարցերով, նախ հայտարարեց, որ ինքը բացարձակապես տեղյակ չէ՝ ինչու են իրեն դատարան կանչել, ապա նշեց, որ ինքը ազգությամբ հույն է, ինչի ամբաստանյալներից մեկն արձագանքեց. «Շարմազանովի բարեկամն է»:
Վկա Վիկտորյա Բունիաթյանը ասաց, որ զարմացել է, երբ իրեն ոստիկանությունում ասել են, որ իրենց սեփական տանը բացի սկեսրոջից ու սկեսրայրից, ամուսնուց և երեխաներից այլ մարդ էլ է գրանցված եղել. «Եթե տենց բան լիներ, մենք կիմանայինք»:
Վկա Սվետլանա Ղազարյանին դատարան էին կանչել նրա հորեղբոր կնոջ կենսաթոշակի հարցով։ 1993-ից մահացած կնոջը մինչեւ դեպքի բացահայտումը շարունակել էին կենսաթոշակ վճարել։ Սվետլանա Ղազարյանը այդպես էլ չկարողացավ հստակ ասել, թե երբ է մահացել հորեղբոր կինը, դատարանն էլ հրաժարվեց գրանցել նրան օգնության հասած դստեր պատասխանը։
Վկաներից Գեւորգ Բալդրյանը պատմեց, որ Սանկտ Պետերբուրգում ապրող իր խնամու լիազորագրով չի կարողացել ստանալ նրա կենսաթոշակը. «Ինձ դովերեննոստ են ուղարկել, ես գնացել եմ ստանալու, ինձ ասացին, որ ոչ մի բան չունեք ստանալու, տենց էլ չիմացա՝ ով էր ստացել»:
Պաշտպանական կողմի փաստաբանը նկատեց, որ վկան հակասական պատասխաններ է տալիս, եւ փաստաբաններից մեկը միջնորդություն ներկայացրեց լսել այսօրվա դատական նիստում նրա վկայության ձայնագրությունը՝ համոզվելու համար, որ վկան հակասում է ինքն իրեն։ Վկան, մասնավորապես, իր խնամու Հայաստան գալու տարբեր տարեթվեր նշեց։
Դատավորը միջնորդությունը մերժեց, բայց խոստացավ համապատասխան մարինների միջոցով պարզել, թե տվյալ անձը ՀՀ տարածք կոնկրետ որ ժամանակահատվածում է մուտք գործել և քանի անգամ:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 15-ը։
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, ծառայության մի շարք պաշտոնատար անձանց հետ, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ գումարները, բացի այդ` Վազգեն Խաչիկյանը, ըստ մեղադրական եզրակացության, խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:











