Ազատամարտիկներն իրենց կերտած հաղթանակը տոնում են Հանրապետության հրապարակում, իսկ «քրեաօլիգարխիկ իշխանության ներկայացուցիչները ազատամարտիկների գումարներով ռեստորաններում են տոնը նշում» (ֆոտոռեպորտաժ):
Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Ազատամարտիկներն արդեն 7 ամիս ազատազրկման մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկարներով, «Ռեժիմ, ես հայ եմ, սպանիր ինձ» շապիկներով, եռագույն դրոշներով, պաստառներով ժամը 12:00-ից Հանրապետության հրապարակում էին։
«Նախեւառաջ, շնորհավորում եմ Վոլոդյային, սա նաեւ իր հաղթանակն է, համբերություն ենք մաղթում Վոլոդյային, իր եւ մեր գործը հաղթելու է, եւ մենք հուսով ենք՝ իր քաշած տանջանքները կալանավայրում իզուր չեն անցնի»,-ասաց Գագիկ Սարուխանյանը:
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն էլ նշեց, որ ակցիայի վայրը պատահմամբ չէ ընտրվել. «Քանի որ Վոլոդյային վերջին անգամ պետք է այստեղ տեսնեինք, սակայն սեպտեմբերի 19-ին իրեն կալանավորեցին եւ չկարողացավ գալ, այդ պատճառով էլ որոշեցինք այս վայրը ինչ-որ ձեւով նշանավորել»:
Ազատամարտիկները հայրենասիրական երգեր երգեցին եւ վանկարկեցին «Ազատություն Վոլոդյա Ավետիսյանին եւ մյուս քաղբանտարկյալներին»:
Ազատամարտիկների հավաքին էր միացել նաեւ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը եւ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչ դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության մի քանի անդամներ:
Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: Նա կաշառք ստանալու պատրվակով,չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











