Այսպիսի թիմով հնարավոր չէ իշխանության չգալ, այս կամքը եւ համառությունը թույլ են տալիս իշխանության գալ: «Երիտասարդական Կոնգրես» վերանվանված միության համագումարում այսօր՝ մայիսի 10-ին, ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նկատի ունենալով ՀԱԿ երիտասարդներին։

«Դուք շատ լավն եք, եւ այն, որ դուք այսօր պահում եք փողոցը, պահում եք հասարակության հույսը, դա արդեն առաքելություն է, հզոր առաքելություն, այն որ դուք կազմակերպված ձեր կուսակիցների հետ պայքարի կողմնակիցն եք, նաեւ դրա ապացույցն է, բայց կա մի ուրիշ խնդիր, որի մասին կուզեի խոսել: Այս կամքը, այս  համառությունը թույլ է տալիս գալ իշխանության, որովհետեւ այսպիսի թիմով հնարավոր չէ իշխանության չգալ»,- ասաց նա:

Արամ Մանուկյանը համոզված է, որ հենց «Երիտասարդական Կոնգրեսն» է վերջ դնելու կոռուպցիային, անգրագիտությանը:

«Մենք հաճախ մեզ համեմատում ենք իշխանական կուսակցական երիտասարդական թեւի հետ, որտեղ պառլամենտում, կառավարությունում, տիրում է անգրագիտությունը, կոռուպցիան, անբարոյականությունը, մենք տալու ենք գրագետ կադրեր իշխանություն ձեւավորելու նպատակով եւ  պայքարելու ենք այն անգրագիտության դեմ, որ այսօր տիրում է աշխարհում, Հայաստանում եւ հիասթափեցնում է յուրաքանչյուր քաղաքացու»,- նշեց նա:

Ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղարի՝ այսօր վարկաբեկվածն է կառավարում, սակայն իրենց «գրագետ կադրերը» մրցունակ են լինելու. «Մեզնից շատերը բանտերում էին լեզու սովորում, ինքնակրթվում: Մենք գալիս ենք մեր կամքով հաղթելու ու մեր գրագիտությամբ, եւ արդյունքում հաղթում է զուսպն ու ինքնավստահը: Մենք իշխանությանը պիտի ասենք, որ գալիս ենք պատրաստված կադրերով, գրագետ կադրերով»։