38-ամյա դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանի բուժման ընթացքը շարունակվում է. նա պատրաստվում է վիրահատության: Այս մասին NEWS.am-ի հետ տեսակապով զրույցում ասաց Կարեն Մկրտչյանը, որն արդեն երկու ամիս է, ինչ ընկերոջ` Վարդան Արզումանյանի հետ մեկնել է Գերմանիա բուժվելու:
«Բուժմանս ընթացքը գտնվում է բավական թեժ փուլում, որովհետեւ պետք էր, որ վերականգնեին կորցրած մկանները ու ուժ տային ոտքերին, որպեսզի անցնեին վիրահատական պրոցեսին, որովհետեւ վիրահատությունից հետո բավականին երկար անշարժ վիճակ է լինելու ու ավելի է թուլացնելու մկանները եւ ներվերը, բայց վստահ քայլերով գնում ենք դեպի վիրահատություն, որը ինձ խոստացել են, որ շատ լավ է լինելու, ու հավատում եմ»,-ասաց դերասանը:
Կարենը նշեց, որ բուժումը սկսելուց 20 օր անց արդեն դրական փոփոխություն է զգացել է, այժմ քայլում է բժշկական քայլակի օգնությամբ։
«Իմ առողջական վիճակը լավ է, որովհետեւ ես ունեմ շատ լավ ազգ, ունեմ շատ լավ ընկերներ: Շնորհիվ իմ շատ սիրելի ազգի համախմբման ու օգնության, կողքս լինելու, իմ համար աղոթելու, ու իմ սերը դեպի ազգս միակողմանի չթողնելու շնորհիվ է, որ այսօր ես կարողանում եմ ասել, որ գնում եմ դեպի ապաքինման»,-ասաց դերասանը:
Ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը մայիսյան եռատոնի կապակցությամբ շնորհավորեց հայրենակիցներին. «Մեծ հպարտությամբ, սրտի թրթիռով, հեռվից, կարոտած շնորհավորում եմ ազգիս, շնորհավորում եմ հայրենիքիս հաղթանակների օրվա կապակցությամբ, եւ վստահ եմ, որ իմ ազգը միշտ հաղթելու է, ափսոսում եմ, որ այս պահին չեմ գտնվում Հայաստանում, Ղարաբաղում, հրամանատարիս ու իմ մարտական ընկերների կողքին»:
Զրույցի ընթացքում Կարենն անընդհատ նշում էր, որ շատ է կարոտել բոլորին. «Չեմ կարող խոսքերով ասել, ինչքան եմ շնորհակալ, ինչքան եմ սիրում բոլորիդ, երեւի կգամ, գործերով կապացուցեմ, թե ինչքան եմ սիրում ազգս»:
Վերադառնալուց հետո Կարեն Մկրտչյանը մտադիրէ զբաղվել իր սիրած գործով, նաեւ ծրագրում է շատ ջանքեր ու ժամանակ տրամադրել բարեգործությանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ին հոսպիտալացրել էին «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա հարձակման էր ենթարկվել իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից։ Դեպքից հետո ամիսներ շարունակ, նա գտնվում էր անվասայլակին, խոսքի եւ հենաշարժողական ապարատի խնդիրներ ուներ։ Հայաստանով մեկ սկսվեց դրամահավաք, որի օգնությամբ դերասանը կարողացավ մեկնել Գերմանիա՝ բուժվելու։











