Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել դաժան սպանության վերաբերյալ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, 1955 թ. ծնված Գրիգոր Լ.-ն ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երեւանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 հասցեում գործող խանութի մոտ բաժանվել է կնոջից` 1964 թ. ծնված Վարդուհի Գրիգորյանից, եւ այլեւս նրանից ոչ մի տեղեկություն չունի:
Մայիսի 10-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երեւանի Աթոյան փողոցի թիվ 26 շենքի մոտից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին` իր վարած «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարված զննությամբ` ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` փամփշտատուփով, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ՉԺ» տիպի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ, «Ֆ-1», «ՌԳԴ-5» եւ «ՌԳ-42» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սերգեյ Գրիգորյանը մայիսի 7-ին նշված ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Վարդուհի Գրիգորյանի հետ, որի ժամանակ «Բրաունինգ» տիպի ատրճանակից` սպանելու դիտավորությամբ, երկու անգամ կրակել է նրա վրա, այնուհետեւ դին թաղել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի մոտակայքում հայտնաբերել է Վ. Գրիգորյանի դին:
Արտաքին զննությամբ` դիակի կրծքավանդակի եւ թիկունքի մասերում հայտնաբերվել են հրազենային 2 վնասվածքների հետքեր:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանցագործության գործիք ատրճանակն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Սերգեյ Գրիգորյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 11-ին կնոջ դի էր հայտնաբերվել Մասիսի ամառանոցների մերձակայքում, թաղված վիճակում: Վերջինս անհայտ կորել է դեռեւս մայիսի սկզբից, ինչի մասին ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է ստացել մայիսի 7-ին:











