1961-ից Գավառ քաղաքի կազմ մտցված Հացառատ համայնքի բնակիչները կրկին ուզում են առանձնանալ  ու առանձին համայնք դառնալ։ Այս պահանջով Գավառի Հացառատ թաղամասի բնակիչներն այսօր՝ մայիսի 15-ին, հավաքվել էին Կառավարության շենքի մոտ։

Գյուղացիները դժգոհում էին, որ համայնքն այսօր անմխիթար վիճակում է, ճանապարհները քանդված են, բուժծառայությունը՝ անհասանելի, մանկապարտեզը՝ վատ վիճակում։

«Չենք իմանում՝ էրեխեքին տանենք, պարտեզ թե չտանենք։ Էրեխեքը մի ամանից 40-50 հոգով ջուր են խմում։ Զուգարան չկա։ Խոլերայի բուն ա։ Պարկետները փտած են։ Ճժերը հմեն թոքաբորբ են»,- դժգոհում էին հացառատցիները։

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ըստ նրանց, իրենց համայնքին ընդհանրապես ուշադրություն չի դարձնում, բյուջեից համայնքի համար գումար չի տրամադրում։

Հացառատցիներից մի քանիսին թույլ տվեցին մտնել կառավարություն։ Քիչ անց վարչապետի մոտ բարձրացավ գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ NEWS.am-ի թղթկցի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ 20 օրից փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կայցելի Գավառ իրավիճակին ծանոթանալու։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am