Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում վաղ առավոտից խառնշփոթ իրավիճակ է, ուսանողները բոյկոտում են ուսխորհրդի նախագահի ընտրությունը՝ նշելով, որ համալսարանի ՀՀԿ-ական դասախոսները ապօրինաբար միջամտում են ընտրությանը՝ փորձելով կուսակցականացնել ուսխորհուրդը։

Ուսանողները «Համաքաղաքային տագնապ… Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհուրդը ՀՀԿ-ի հերթական բնակատեղին չէ… Գյումրի՛, ոտքի…» գրությամբ պաստառով առավոտից կանգնել էին համալսարանի միջանցքում։

Ուսանողներն ասում են՝  համալսարանի մի խումբ հանրապետական դասախոսներ՝ Արտակ Առաքելյանի գլխավորությամբ, որը նաեւ ՀՀԿ Շիրակի մարզի երիտթևի նախագահն է, ահաբեկում են ուսխորհրդին՝ ստիպելով ընտրել տնօրինության առաջադրած թեկնածուին, մինչդեռ բուհերն օրենքով ապաքաղաքական կառույցներ են։

«Մենք հասկանաում ենք , որ այս ամենն արվում է առաջիկա նախագահական ընտրությունների համար, ուզում են այսօրվանից ունենալ ընտրողների հստակ բանակ, բայց, իհարկե, մենք սա թույլ չենք տա»,- ասում են ուսանողները:

Ուսանողների բողոքի ակցիայի պատճառով համալսարանում դասապրոցեսը դադարեցվել է։ NEWS.am-ի հետ զրույցում ուսանողներն ասացին, որ դասախոսներն առանձին-առանձին իրենց կաբինետներն են տանում ուսանողներին ու հրահանգում ընտրել այն թեկնածուին, որին կառաջարկի բուհի ղեկավարությունը:

«Կրթության նախարար Արմեն Աշոտյանը  բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, որ կրթության ոլորտը քաղաքականացված լինել չի կարող, բայց մենք փաստացի հակառակն ենք տեսնում այսօր, մեր ռեկտորը ՀՀԿ-ական է, եւ բնականաբար, փորձում է կուսակցականացնել ուսխորհուրդը։ Մենք ոչ մի կերպ թույլ չենք տա,  որ մեր խորհուրդը քաղաքականացվի, բողոքելու ենք մինչեւ վերջ»,-  ասացին ուսանողները:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը լրագրողների հետ զրույցում հերքեց ուսանողների կողմից հնչող մեղադրանքները։

«Դա ամբողջությամբ հերյուրանք է։ Որոշ ուժեր իմ կարծիքով հրահրում են ուսանողներին, որ ընտրությունները չկայանան։ Ասեմ, որ մեզ մոտ ապաքաղաքականացված է, որքան ես գիտեմ, ոչ մի ուսանող կուսակցության անդամ չէ։ ՀՀԿ-ական ուսանող չկա։ Շահարկում են ՀՀԿ-ի անունը, որովհետեւ ուզում են վարկաբեկել կուսակցությունը»,- ասաց Սամսոն Դավոյանը։

Այնուամենայնիվ, ուսանողները կարողացան հասնել նրան, որ ուսխորհդի նախագահի ընտրությունները անժամկետ հետաձգվեցին: