Ռոք երաժիշտ 28-ամյա Հունան Համբարյանը հերքում է մոտ երկու շաբաթ առաջ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ իր հասցեին հնչած մեղադրանքը, ըստ որի ինքը բռնաբարել է 16-ամյա Դավիթին։ Այս մասին այսօր՝  մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հունան Համբարյանը։

«Այս ամենը սուտ է, ես հերքում եմ»,- ասաց նա։

Հունանի խոսքով՝ ինքն ու Դավիթը ծանոթացել են համացանցով, ընկերացել են եւ երեք անգամ հանդիպել։ Հանդիպման ժամանակ Դավիթը Հունանին խնդրել է օգնել իրեն մշակել ձայնը, բայց Հունանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ տղան դեռ հասունացման շրջանում է եւ նրա հետ պետք է աշխատի ավելի փորձառու մասնագետը։ Հունանը որոշել է Դավիթին ծանոթացնել իր կուրսեցու՝ երաժշտական բարձրագույն կրթություն ունեցող  մոր հետ, եւ միասին գնացել են նրանց տուն։ Երրորդ հանդիպման ժամանակ նրանց միջեւ կոնֆլիտ է եղել, որի մասին Հունանը հրաժարվեց խոսել։

«Կարող ա հազար հոգի հելնի, նման հայտարարություն անի, գիտես ինչ՝ ինձ բռնաբարել են: Դուք խոսացե՞լ եք իմ հետ, իմ կարծիքը լսել եք»,- վրդովված ասաց Հունան Համբարյանը։

Հունանի խոսքով՝ Դավիթն իրեն սկզբում ասել է որ 18 տարեկան է, եւ ինքը ուշ է իմացել նրա իրական տարիքը։

«Բայց դա կապ չունի։ Ես ուրիշ նպատակ չեմ ունեցել։ Ես ընդհանրապես նման հակումներ չունեմ։ Ես աղջիկներին եմ սիրում»,- ասաց Հունանը։

Հունանի խոսքով՝ իրեն զանգահարել են եւ հրավիրել մասնակցելու այդ հաղորդմանը, սակայն ասել են, որ աղանդների թեմայով է լինելու հաղորդումը, եւ իր՝ որպես ռոք երաժշտի կարծիքն են ուզում լսել։ Հունանը զբաղված է եղել եւ հաղորդմանը չի գնացել։ Իսկ երբ դիտել է հաղորդումը, տեսել է, որ իրեն անվանում են աղանդավոր եւ մեղադրում են մանկապղծության մեջ։

Ըստ Հունան Համբարյանի՝ դեպքից հետո իրեն հեռացրել են աշխատանքից, հիմա տնից դուրս չի գալիս, առողջական խնդիրներ ունի, ընտանիքի անդամները նույնպես ամաչում են փողոց դուրս գալ։

Հունան Համբարյանը ոստիկանություն բողոք է ներկայացրել հաղորդման ընթացքում իրեն անչափահասի բռնաբարության մեջ մեղադրած Երիտասարդական լիգայի անդամ Սեւակ Հովհաննիսյանի դեմ։ Հարուցվել է գործ՝ սուտ մատնության հատկանիշներով։ Ընթանում է նախաքննություն։ Հունանը պնդում է, որ ինքը Սեւակ Հվհաննիսյանին չի ճանաչել, մինչեւ այդ հաղորդումը չի տեսել։

Ի դեպ, Համբարյանը նշեց, որ ինքը մասնակցել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծին և խնդիրներ է ժուրիի բոլոր անդամների, նաեւ հաղորդավար Հրաչ Մուրադյանի։ Նա չբացառեց, որ դա եւս կարող էր իրեն զրպարտելու շարժառիթ լինել։