Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ դատարանը անհիմն է բավարարել վթարից անմիջապես հետո Վարդան Պետրոսյանի սթափությունը ստուգած բժշկին դատարան կանչելու վերաբերյալ տուժող կողմի միջնորդությունը։

«Չէր կարող դատարանը նման որոշում բավարարել, քանի որ մեղադրանքի ծավալի մեջ չկա այն, որ նա մեղադրվում  է խմածության համար,  այն պետք է մերժվեր։ Այս ամենը լուրջ կասկածների տեղիք է տալիս»,-լրագրողների հետ զրույցում այսօր՝ մայիսի 16-ին, դատական հերթական նիստից հետո ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը այսօրվա դատական նիստում միջնորդել էր դատարան կանչել եւ հարցաքննել բժիշկ Համազասպ Գեւորգյանին՝ հիմնավորելով որ սթափության վերաբերյալ երեք արձանագրությունների միջեւ տարբերություններ կան։

Նշենք, որ այսօրվա դատական նիստում խառնաշփոթ ստեղծվեց, երբ Դատական դեպարտամենտի տրամադրած ֆրանսերենի թարգմանիչը թույլ տվեց թարգանական սխալներ։ Օրինակ՝ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեի «Վարդան Պետրոսյանը հարբած չի եղել» արտահայտությունը թարգմանեց. «Վարդան Պետրոսյանը հարբած է եղել», ինչը չարախնդալու առիթ տվեց տուժող կողմի ներկայացուցիչներին։

«Շատ ծիծաղելի, կոմիկական վիճակ ստեղծվեց։ Ես այդպես եմ գտնում»,- ասաց Վարդան Պետրոսյանը, ինչին տուժող Հայկ Հակոբյանը արձագանքեց. «Գլուխդ պատով ես տալիս»։

Դատավորը նկատողություն արեց եւ դահլիճից հեռացրեց տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյաններին, իսկ մեղադրյալ Վարդան Պետրոսյանին նախազգուշացում արեց։

Նախազգուշացումից հետո Վարդան Պետրոսյանը շարունակեց իր խոսքը. «Առաջին օրը, երբ ֆրանսիացի պաշտպանը եկավ, մենք ունեինք թարգմանիչ, որը նույնպես լիազորված է Դատական դեպարտամենտի կողմից, սակայն դատախազը պահանջեց դատարանի կողմից թարգմանիչ, որը, ինչպես տեսաք, բանավոր խոսքում ունի թերություններ, սա է պատճառը, որ ես ասում եմ՝ կոմիկական վիճակ է ստեղծվել։ Ասում են մի բան, թարգմանում են ուրիշ բան, մարդիկ ծիծաղում են, սա էն դատավարությունը չի, որ ուրախ-զվարթ կատակներով անցկացնենք, եթե կատակելու լիներ, առաջինը ես պիտի կատակեի»։

Ոչ միայն նիստն անցավ լարված մթնոլորտում, այլեւ ընդմիջումը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը գոռալով  մոտեցավ Վարդան Պետրոսյանին սատարելու եկած մի կնոջ։ Դատական կարգադրիչները եւ փաստաբան Ռուբեն Բալոյանը նրան հեռացրեցին նիստերի դահլիճից։

Դատարանի միջանցքում փաստաբան Բալոյանը նկատողություն արեց տուժողի իրավահաջորդին. «Վերջացրեք, հա, չորս կողմից նկարում են, մի հատ դուրս անցեք, ի՞նչ եք անում, չգաք մյուս անգամ նիստին»։

Ընդմիջումից հետո Նիկոլայ Բաղդասարյանը հետ վերցրեց նիստի առաջին մասում թարգմանչին փոխելու իր միջնորդությունը, քանի որ կիրակի ֆրանսիացի պաշտպանը մեկնում է Ֆրանսիա։

Դատավորը հաշվի առնելով թարգմանչի հետ կապված խնդիրը, առաջարկեց հետաձել դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 20-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: