Գյումրիում  ապրիլի 26-ին տաքսու վարորդ Արտակ Մարատի Անդրեասյանին հրազենային վնասվածք հասցնելու մեջ կասկածվող՝ Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ՝ Հրաչիկ Խաչատրյանի որդուն, նախկինում դատապարտված 30-ամյա Արկադիկ Խաչատրյանին բերման ենթարկելու ուղղությամբ հետախուզական աշխատանքները դեռ  շարունակվում են: Այս մասին  NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Ըստ դատախազի` ոստիկանությունը  բավարար հիմքեր է ձեռք բերել Արկադիկ Խաչատրյանին կասկածյալ ճանաչելու համար, եւ դեռ 22 օր առաջ որոշում են կայացրել որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, սակայն վերջինիս հայտնաբերել  չի հաջողվում:

«Ներկայումս  ոստիկանությունը ձեռնարկում է  միջոցառումներ  անձին հայտնաբերելու եւ  նախաքննական մարմնին ներկայացնելու համար, գործով կան ապացույցներ անձին որպես կասկածյալ ներգրավելու համար: Անձը ներկայումս արդեն իսկ հանդիսանում է մեղադրյալ, քանի որ դատավարական որոշումն արդեն կայացրած է, ինչ վերաբերում է ապացույցների տեսակներին  ու բովանդակությանը դա համարվում է նախաքննության գաղտնիք  եւ հրապարակման ենթակա չէ»- NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազը:

Րաֆֆի Ասլանյանը  ասաց, որ դեպքի վայրից հայտնաբերվել եւ առգրավվել է ատրճանակի 2 գնդակ եւ 3 պարկուճ, նախաքննական փուլում հարցաքննվել են Արկադիկ Խաչատրյանի ընկերներն ու հարազատները, սակայն նրանք վերջինիս գտնվելու վայրի մասին ոչինչ չեն հայտնել:

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն  Արմեն Իսահակյանն էլ NEWS.am-ի թղթակցին  հետ զրույցում ասաց, որ տուժած Արտակ Անդրեասյանը երկու օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից: Արկադիկ Անդրեասյանն ու հարազատները, սակայն, չցանկացան խոսել դեպքի մասին,  միայն ասացին, որ  իրենց տղան արդեն լավ է, իսկ հարուցված քրեական գործով չեն էլ հետաքրքրվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am -ը, ապրիլի 26-ին, ժամը 22:00-ի սահմանում կրակոցներ են հնչել Գյումրու Բուլվարային թաղամասում: Հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Վարդ-բաղ 1 թաղամասի 1-ին շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, Արտակ Մարատի Անդրեասյանը՝ մեջքի հատվածում հրազենային վնասվածքով: Հարուցվել է  քրեական գործ Ք.Օ 104 եվ 235 հոդվածների ենթակետերի, այն է՝ սպանություն կատարելը ու ապօրինի զենք կրելը: