Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 20-ին, մերժեց Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ վճիռը հրապարակեց մասնակի:
Դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն ընդմիջում խնդրեց, որպեսզի կարողանա ծանոթանալ վճռին, քանի որ այն ֆրանսերեն թագմանված չէր:
Դատը հետաձգվեց, քանի որ Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը դիմում էր ներկայացրել դատարան, որ ժամը 13:00-ին մեկ այլ դատական նիստ ունի, որն ավելի վաղ է նշանակվել:
Ֆրանսիացի փաստաբանին դուր չեկավ այն, որ դատական նիստը հետաձգվեց, բայց չառարկեց.«Ես Ֆրանսիայից եմ գալիս, բայց դա չի նշանակում, որ հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ ես անելիքներ չունեմ: Բայց քանի որ ուզում եմ համերաշխ մթնոլորտ, ես կարող եմ ընդունել, որ դատը հետաձգելու կարիք կա, քանի որ Բալոյանը ծանրաբեռնված է»:
Դատավորն է նշեց, որ այսօրվա նիստը արտահերթ է նշանակված եղել, միայն այն բանի համար, որ պահպանվի փաստաբանի միջնորդություն ներկայացնելու իրավունքը:
Նշենք, որ Հակոբյաններն այսօր չէին ներկայացել դատական նիստին, քանի որ այսօր լրանում է Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների մահվան յոթերորդ ամիսը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:











