Զորակոչվելուց 74 օր հետո 2012թ. սեպտեմբերի 6-ին բանակում մահացած ժամկետային զինծառայող 18-ամյա Հայկ Կալեյանի մայրը չի հավատում, որ իր որդին գնդացրով կրակել է իրեն եւ ինքնասպանություն գործել: 41-ամյա Նվարդ Պետրոսյանի խոսքով՝ որդու ծառայակիցների պատմածներից ինքը հասկացել է, որ Հայկին սպանել է հրամանատարը հրաձգության պարապմունքի ժամանակ։

«Հրամանատարը իմ երեխուն հայհոյել է, երեխես թեքվել է, որ նրան նայի, իմացել են, թե պիտի խփի, միանգամից  խփել է երեխուս: Ինչ կլիներ, թող ինվալիդ թողեր էրեխուս, հիվանդանոց էլ չեն հասցրել: Իրենք որ ասում են՝ աջ ձեռքով է իրեն կրակել, սաղ սուտ է, չեն իմացել, որ իմ երեխեն ձախլիկ է, հետո ես եմ իրենց ասել, որ իմ երեխեն չէր կարա աջ ձեռքով խփեր»,- NEWS.am-ին ասաց որդեկորույս մայրը:

Տիկին Նվարդն ասում է՝ չի հանգստանա, մինչեւ հրամանատարը չպատժվի. «Ես իրեն ասել եմ, որ քո հետեւից ընկնելու եմ, ուզում է՝ աշխատի, ուզում է՝ չաշխատի, ես իմ ասածը պիտի անեմ, եթե չանեմ, ես իմ ձեռքով եմ գնալու: Փոխանակ աշխատանքից ազատեն, մի բան էլ պաշտոնն են բարձրացրել»:

Նվարդ Պետրոսյանը որոշել է նաեւ գնալ պաշտպանության նախարար Սերան Օհանյանի մոտ:

«Հե՞շտ է` 18 տարեկան  էրեխուս տամ, էսօր ասեն` վերջ, դատ չկա: Գնում եմ Սեյրան Օհանյանին ասեմ` իմ էրեխեն ու՞ր ա, եթե ձեզ չեմ տվել, ումի՞ց եմ պահանջում»,- ասում է մայրը:

Տիկին Նվարդը պատմում է, որ 2012թ. օգոստոսի 18-ին են վերջին անգամ այցելության գնացել որդուն, ու համոզվել, որ որդին լավ է, ծառայությունից գոհ:

«Ասեց՝ շատ լավ եմ, ուրախ էր, ի՞նչ կլիներ, մի հատ ասեր՝ իմ տեղը նեղ է, արի, հասի ինձի, ես գիշերը կգնայի, կհասնեի»,- պատմում է մայրը՝ ժխտելով դատախազի այն պնդումը, թե Հայկը չի հարմարվել ծառայությանը:

Մայրը պատմում է, որ Հայկի 68-ամյա տատը վշտից մահացել է:

41-ամյա կինը չի ցանկանում, որ իր երկրորդ որդին բանակում ծառայի. «Մի անգամ ուղարկեցի, փոշմանեցի: Ես սալդատի շոր էլ չեմ կարող տեսնել»:

Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի առաջադրած վարկածի, Հայկ Կալեյանն իրեն ամրակցված գնդացրից ինքնասպանության նպատակով որովայնի շրջանում 3 անգամ կրակոց է արձակել եւ ստացած վնասվածքներից մահացել: