Ավելի հեշտ կլիներ, եթե Վարդան Պետրոսյանն էլ զոհված լիներ, իր համար էլ երեխաների մահը այդքան ահավոր չէր լինի: Այս մասին NEWS.am-ին ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը, որն այսօր՝ մայիսի 20-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր գնացել՝ մասնակցելու դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարի գործով դատական նիստին։
«Մենք կորցրել ենք երկու երեխաներին եւ Վարդան Պետրոսյանին, որպես ընկեր եմ ասում: Իրեն ճանաչելով՝ ես կարող եմ ասել, որ նա էլ չի կարող աշխատել, նա առաջվա Վարդանը չի կարող լինել: Մի սարսափելի բան ասեմ, երեւի թե իրեն ավելի հեշտ կլիներ, եթե ինքն էլ զոհվեր, սենց ահավոր չէր լինի իր համար: Հարցին միշտ նայում ես քո տեսնակյունից, ոնց դու կցանկանայիր այդ դեպքում: Եթե ես լինեի... չգիտեմ՝ ինչ բախտավոր եմ ես, որ ինձ հետ նման բան չի կատարվել: Այժմ ամեն վայրկյանդ գնահատում ես: Կարող էիր դու լինել իր փոխարեն կամ ես»,- ասաց դերասանը:
Սերգեյ Դանիելյանը ցանկանում է, որ այս գործով դատական նիստը արագ ավարտվի, դա բոլորի օգտին կլինի.
«Երբ որ սա ձգձգվում է, խոցում է այն մարդկանց սիրտը, ովքեր զոհեր ունեցան: Վարդանի առողջությունն էլ մի բան չի: Ես սա ընկալում եմ որպես ընդհանուր տրագեդիա: Ամեն մի երկարաձգված օր շատ ծանր է եւ այդ մարդկանց, եւ, հավատացեք, հասարակության համար: Մենք մեզ մասնակից ենք համարում այս դժբախտությանը»։
Լրագրողի հարցին, թե ըստ Սերգեյ Դանիելյանի, ճի՞շտ է Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը, դերասանը պատասխանեց.
«Ես կարծիք չեմ կարող հայտնել, որովհետեւ դա մասնագիտական կարծիք է: Իհարկե, զուտ բարոյական, որ վերցնես, ինձ թվում է, Վարդանը ոչ փախչող էր, ոչ էլ. կարող էր տանը սպասել այդ վճռին: Բայց եթե այդպես է որոշված, միգուցե դա գործի օգտի համար է արված: Միայն ուզում եմ եւս մեկ անգամ ցավակցել բոլոր կողմերին, գրկել եւ Վարդանին, եւ այդ ծնողներին, որ երեխա կորցրեցին»:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:











