Կնոջը ծեծելու, խոշտանգելու մեջ մեղադրվող՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ Սարգիս Հակոբյանի գործով հերթական դատական նիստին Գավառի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 20-ին, մեղադրյալի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալի կնոջը` Հասմիկ Խաչատրյանին, նոր դատաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ:

Մեղադրյալի փաստաբանի խոսքով, նոր դատաբժշկական փորձաքննությունը անհրաժեշտ է պարզելու, թե արդյոք Հասմիկ Խաչատրյանի մարմնի այլ մասերում կան նույնպիսի հետքեր, ինչպիսին հայտնաբերվել է նրա նախաբազկի վրա:

«Հասմիկ Խաչատրյանի մարմնի վրա եղել են պիգմետավորված հատվածներ, նախկին դատաքննության ժամանակ արձանագրվել էր, որ դրանք կարող են լինել ինչպես ջերմային ազդեցության հետևանք, այնպես էլ հիվանդության հետևանքով առաջացած հետքեր: Հարցաքննության ժամանակ փորձագետն ասաց, որ որևէ համեմատություն չի կատարվել Հասմիկ Խաչատրյանի մարմնի պիգմետավորված հատվածների և նախաբազկի վրայի հետքի միջեւ»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Վերջինս նաև հավելեց, որ իր պաշտպանը և մնացած վկաները բազմիցս նշել են, որ Հասմիկ Խաչատրյանի մարմնի վրա մշտապես եղել են վերքեր, և շատ հնարավոր է, որ նրա նախաբազկի վրայի սպին  Հասմիկի վրա նախկինում եղած վերքերի հետևանք է, ոչ թե ամուսնու կողմից վառված ծխախոտով այրելու հետք, ինչը փորձում է ապացուցել մեղադրող կողմը:

Դատախազ Վարդան Լազարյանը և Հասմիկ Խաչատրյանի պաշտպան Տիգրան Մանուկյանը նույնպես դեմ չէին նոր դատաբժշկական փորձաքննությանը։ Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը՝ դատավորը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը Հասմիկ Խաչատրյանին նոր դատաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ:

NEWS.am-ի հետ զրույցում Հասմիկ Խաչատրյանը ասաց, որ իր կարծիքով, նոր դատաբժշկական փորձաքննությունն իր շահերից է բխում և ցույց կտա, որ ինքը չի ստում։

Նա միայն մտավախություն ունի, որ դատաբժշկական փորձաքննությունը հնարավոր է անաչառ չանցկացվի, քանի որ փորձագետը կարող է լինել իր ամուսնո մոր՝ հայտնի բախտագուշակ Վարսիկի հաճախորդներից կամ ընկերներից մեկը:

«Ինքը դատաբժիշկ-փորձագետ շատ հաճախորդներ ունի, ու չեմ զարմանա, որ գլխավոր փորձագետը հենց իր ծանոթներից մեկը լինի »,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Սարգիս Խաչատրյանը մեղադրվում է ամուսնական կյանքի ընթացքում կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու, պարբերաբար ծեծի ենթարկելու, մարմնական և հոգեկան տառապանք պատճառելու մեջ: Հասմիկը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ 9 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ինքը բազմիցս ծեծի է ենթարկվել. ամուսինը մինչև անգամ աթոռը ջարդել է իր թիկունքին ու աթոռի կոտրված մասով հարվածել գլխին: Նա պատմել էր, որ ամուսնու տնից փախչելու օրը դաժան ծեծի էր ենթարկվել, ինչի հետեւանքով պատռվել էր ականջի թաղանթը: