Սիրիական համեմունքներ, քաղցրավենիք ու տարբեր կերակրատեսակներ, ոսկյա զարդեր ու ձեռագործ աշխատանքներ. սիրիահայերն այսօր՝ մայիսի 20-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երկու ժամ իրենց արտադրանքը ցուցադրելու եւ վաճառելու հնարավորություն ունեցան (ֆոտոռեպորտաժ

Հրուշակագործ Յոլանդ Ռշտունին NEWS.am-ին պատմեց, որ թխվածքաբլիթները տանն է պատրաստում:

«Պատվերները հեռախոսով եմ ընդունում: Ուզեցի մասնակցեմ ցուցահանդեսին, որ ավելի անուն առնեմ, ավելի հաճախորդ ունենամ: Սիրիահայերի թխվածքներն են, ուզեցի, որ հոս ալ փորձեն՝ համին տարբերությունը նայելու համար»,-նշեց նա:

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի կարմիր խաչի ընկերությունը՝ նպատակ ունենալով օգնել սիրիահայերին ընդլայնելու իրենց սկսած փոքր ու միջին բիզնեսը, որը նրանց կօգնի շուկայում մրցունակ դառնալ։

«Իրենք բազմաշնորհ մարդիկ են, իրենց հիմնական խնդիրը՝ տվեք աշխատատեղ, տվեք գործիքներ, և մենք ինքներս կկարողանանք փոքր ու միջին բիզնես դնել: Երբ հանդիպում էինք նրանց հետ, մեր հայրենակիցները մեզ ասում էին՝ մի օգնեք մեզ ապրանքով, այլ տվեք մեզ համապատասխան գործիքներ, և մենք ինքներս կկարողանանք ձեռք բերել մեր հանապազօրյա հացը»,- ասաց Մխիթար Մնացականյանը:

Երկժամյա ցուցահանդես վաճառքը ուղեկցվեց ազգային երգ ու պարով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am