Ես պնդում եմ ու հաստատում, որ այս դատավարությունն ընթանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դերասան Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն:

«Այս գործում դեպքերը գլխիվայր են շուռ տված: Երեկվա նիստին կարողացա ելույթ ունենալ եւ իսկապես վշտացած եմ, տխուր եմ, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում: Չէի կարող պատկերացնել, որ այն դեպքում երբ Վարդան Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել հարբած լինելու մեջ, հանկարծ դատարանը որոշում է կայացնում ալկոհոլի առկայության վերաբերյալ քննություն կատարել: Տպավորություն , որ քննությունն ապացուցում է, որ դուք ինչ-որ բանում անմեղ եք, սակայն հանկարծ դատավորը սեփական նախաձեռնություն է հանդես բերում, մեղադրելով մի բանում, որոնց առումով ձեզ մեղադրանք չի առաջադրվել»,-նշեց նա ու հավելեց. «Հետաքննություն ասում է, որ նրան չի կարելի դատել հարբած լինելու համար, սակայն դատարան հասնելով ձեզ ասում են, որ «Ս» տառի վրա գծիկ է քաշված եւ կասկածներ կան հարբածության հետ կապված, սա անհանգստացնող ու հիասթափեցնող է»:

Ֆրանսիացի փաստաբանը նշեց, որ դատական նիստերից մեկի ընթացքում շարունակաբար Վարդան Պետրոսյանին ասում էին. «Ասա, որ խմած ես եղել», իսկ ուրբաթ օրվա նիստի ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչներից մեկը Վարդան Պետրոսյանին անվանեց «թշվառ հարբեցող»: «Այսինքն թեեւ չես մեղադրվում մի բանում, բայց իրականում մեղադրվում ես:  Առանց կեղծելու Վարդանի հարբած լինելու հանգամանքը, չեն կարող ապացուցել նրա մեղավորությունը»,-ընդգծեց փաստաբանը:

«Ես պնդում եմ ու հաստատում, որ այս դատավարությունն ընթանում է եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Դա կոնվենցիայի խախտում է, երբ մարդուն չեն մեղադրում ինչ-որ բանի համար, բայց հետո որոշում են, որ այդ հարցում նա պիտի մեղադրվի: Կոնվենցիայի ոտնահարում է, երբ երկարաձգում են կալանքի ժամկետը, առանց ասելու, թե ինչու եւ որքան ժամանակով: Նաեւ կոնվենցիայի ոտնահարում է, երբ այս աստիճանի խառնվում են եւ հնարավոր չէ տարբերակել մեղադրող կողմի փաստաբանին՝ տուժող կողմի փաստաբանից:

Երեկվա դատարանի որոշումը իսկապես ծիծաղ կարող է առաջացնել, եթե չվերաբերեր մարդու ազատությանը»,-նշեց Մարի Լոռ Դոզեն:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am