Ամիսներ շարունակ դատարանը չէր ասել, թե ինչու է կալանքի տակ Վարդան Պետրոսյանը. վերջապես երկու հիմք է ներկայացրել, առանց ասելու, թե ինչու: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դերասան Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն:

Նրա խոսքով՝ դատարանն ասում է, որ նախնական կալանքը պետք է շարունակվի, որովհետեւ փախուստի վտանգ կա, բայց ինչ վտանգի մասին է խոսքը, ոչ ոք չգիտի: «Երկրորդն այն է, որ կարող է ազատության մեջ ճնշում գործադրել վկաների վրա: Իմ խնդիրը չէ պարզելու, թե կա՞ հատուկ վերաբերմունք Վարդան Պետրոսյանին հալածելու առումով, բայց այս դատավարությունն ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ վիճակում է հայկական արդարադատությունը: Ես միայն գիտեմ, որ այն պահից որ Հայաստանը ստորագրել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, 48 դեպքից 43-ի դեպքում Եվրոպական դատարանը դատապարտել է Հայաստանի Հանրապետությանը: Չգիտեմ, թե մինչեւ երբ դատավորները պետք է հանդուրժեն, որ իրենց երկիրը դատապարտվի»,-ընդգծեց ֆրանսիացի փաստաբանը:

Իր հերթին Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց. «Չի կարելի ազդել այնպիսի մարդկանց վրա, որոնք գոյություն չունեն: Ականատեսները միայն տուժողներն են, այլ ականատեսներ չկան: Անտրամաբանական է կարծել, որ Վարդան Պետրոսյանը կարող է ազդել տուժողների կարծիքի վրա»:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կարող է անել դատարանը վթարը վերականգնող ֆիլմի ցուցադրման մասով, որի դեմ հանդես է եկել դերասանի ֆրանսիացի փաստաբանը, Մարի Լոռ Դոզեն պատասխանեց. «Ֆրանսիայում դատավարությունից առաջ այդպիսի ֆիլմի հայտնվելն անմիջապես արգելքի կարժանանար: Արդարադատությունն արգելք կդներ այդպիսի ֆիլմի վրա, կդադարեցվեր ցուցադրությունը եւ այն ցուցադրող հեռուստատեսությունը կդատապարտվեր: Ֆրանսիայում, ինչպես Եվրադատարանն է պահանջում, պետք է հարգել մարդու անմեղության կանխավարկածը: Կարող է հաղորդում լինել, երբ տուժողները կխոսեն իրենց ցավի մասին, բայց այստեղ ներկայացված է մի պատկեր, երբ մի մեքենա բարձր արագությամբ, զիգզագներով սլանում է փողոցով: Կարելի է ենթադրել, որ այդպես վարողը հաստատ խմած է: Սա ակնհայտ ոտնահարում է մարդու անմեղության կանխավարկածը: Այդպիսի ֆիլմն արդեն ասում է դատավորին, որ հենց սա պիտի տեսնեք գործի մեջ եւ ժողովրդին ասում, որ սա պիտի մտածեք գործի մասին»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am