«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում է դերասան Վարդան Պետրոսյանը, պայմանները ողբալի են: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն:
«Արդեն երրորդ անգամ եմ այստեղ, հինգշաբթի տեսել եմ Վարդան Պետրոսյանին, այնտեղ պայմանները ողբալի են ոչ միայն Վարդան Պետրոսյանի, այլեւ բոլորի համար»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դերասանի առողջական վիճակը քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո վատթարացել է:
Վարդան Պետրոսյանի փաստաբանները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելու Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը առանց հիմնավոր պատճառների չվերացնելու դատարանի որոշումը։
«Որոշումն արդեն պատրաստ է, դատական քննության այս փուլում մենք հնարավորություն չունենք խափանման միջոցը կալանքը անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատարանի որոշումը Հայաստանի վերադաս մարմիններում բողոքարկելու, միանգամից դիմում ենք Եվրոպական դատարան: Բայց մենք այլ քայլեր էլ կձեռնարկենք, որոնց շնորհիվ Վարդան Պետրոսյանն ավելի շուտ ազատության մեջ կհայտնվի, քան պատկերացնում են դատախազն ու տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը: Դա կլինի մինչեւ Եվրոպական դատարանի որոշումը»,- ասաց փաստաբան Նիկոլայն Բաղդասարյանը։
Մարի Դոզեն էլ վստահ է, որ Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահել նրան հալածելու միջոց է. «Նրա նախնական կալանքն անօրինական է եւ ցույց է տալիս, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ ակնհայտ հալածանք կա: Չգիտեմ, թե ինչ են քննում դատարանում, բայց հաստատ ոչ ճանապարհային պատահար»:
Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 20-ին մերժել էր Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու Մարի Լոռ Դոզեի միջնորդությունը։ Վարդան Պետրոսյանը կալանքի տակ է մոտ 6 ամիս:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:











