Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 21-ին, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն սկսվեց միջադեպով: Դատավորը  դուրս հրավիրեց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին, որը դատարան էր բերել «Հանցագործ ռեժիմի արքա»  գրությամբ պաստառը, սակայն կին-ազատամարտիկը պաստառը պահեց եւ դուրս չեկավ:

Դատարանում գտնվող ազատամարտիկները ծափահարություններով դիմավորեցին գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

«Ողջույն մարտական ընկերներին, մի օր առաջ ազատվել  բռնապետական ռեժիմից»,- մարտական  ընկերներին ողջունեց պահեստազորի գնդապետը, որն արդեն 8 ամիս ազատազրկման մեջ է։

Վկաներ Ծովինար Եղոյանը, Վարդան Կարապետյանը, Օվսաննա Զաքարյանը դատական նիստին չէին ներկայացել, քանի որ բացակայում են երկրից։

Դատավորը մեղադրողին խնդրեց կարդալ վկա Հենրիկ Հարոյանի ցուցմունքը, ինչն առաջացրեց ազատամարտիկների դժգոհությունը:

«Հոգեկան հիվանդ մարդու ցուցմունքը ինչի՞ եք հրապարակում»,- դժգոհեց Սուսաննա Մարգարյանը, նրան միացան մյուս ազատամարտիկները` ասելով, որ դատարանը պատվեր  է կատարում: Դատավորը դուրս հրավիրեց  Սուսաննա Մարգարյանին եւ մեկ այլ ազատամարտիկի, ինչից հետո մեղադրողը ընթերցեց Հենրիկ Հարոյանի ցուցմունքը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Հենրիկ Հարոյանի պապը դատարանում վկայություն տալիս ասել էր, որ իր թոռը հոգեկանի հետ կապված խնդիրներ եւ հիշողության կորուստներ ունի։

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն այս մասին հիշեցրեց դատարանին՝ նշելով, որ նրա ցուցմունքը չի կարող արժանահավատ լինել, դատավորը, սակայն, անտեսեց այս առարկությունը եւ դատախազին խնդրեց շարունակել կարդալ վկայի նախաքննական ցուցմունքը:

Դահլիճում գտնվող ազատամարտիկներն չէին կարողանում լուռ լսել մեղադրողին, անընդհատ ընդհատում էին մեկնաբանություններով, իսկ դատավորը հերթով դուրս էր հրավիրում նրանց։

Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: Նա կաշառք ստանալու պատրվակով,չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել: