Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 21-ին, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստնավարտվեց սկանդալով։ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները դահլիճից հեռանալուց առաջ վիրավորեցին դատավոր Լեւոն Ավետիսյանին եւ դատախազ Վարդան Պապիկյանին՝ մեղադրելով նրանց կողմնակալության մեջ։
«Լեզուդ կկտրեմ, դատավոր»,- սպառնաց ազատամարտիկներից մեկը եւ վրդովված հեռացավ դահլիճից։
«Ոնց որ թուրքն ա իմ եղունգները քաշել, տենց էլ ես եմ քո եղունգները քաշելու»,- վրդովվեց մյուսը։
Դատախազը նկատողություն արեց աղմկող կին ազատամարտիկներին. «Ձեններդ կտրեք, արա։ Կնանիք եք, ձեզ կնանիքին վայել պահեք»։
Դատական կարգադրիչներն ազատամարտիկներին հեռացրին դահլիճից, վերջիններն իրենց ելույթները շարունակեցին դրսում։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի, նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։











