«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված 72-ամյա Մնացական Սուքիասյանը դեպքի վայրով անցնելիս է եղել, երբ փամփուշտը դիպչել է ոտքին: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, NEWS.am-ին պատմեց Մնացական Սուքիասյանը, որին վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխել են հիվանդասենյակ:
«Ես Վերնիսաժում եմ աշխատում շաբաթ և կիրակի օրերին՝ դեպքի վայրից մի 15 մետր հեռու: Գործով գնում էի, էդ մոմենտին որ կրակեցին, ուղիղ ոտքիս կպավ: Որ խփեց, ինձ ոնց որ տապալեց գետնին. էլ ուժ չունեի: Ոտքս լրիվ շարքից դուրս էր եկել, արյունը չռռում էր, ես ընկա գետնին: Հալալ լինի Կարմիր խաչի աշխատողներին, որ պատահաբար այնտեղ էին, նրանք իմ կյանքը փրկեցին: Ոտքս կապեցին, օգնեցին ինձ, որովհետև մինչև շտապօգնությունը եկավ, բավականին ժամանակ էր անցել»,-ասաց Մնացական պապիկը:
Նա պատմեց, որ հարվածից հետո ոչ մի բան չի տեսել, բացի իր գլխավերեւում հավաքվող բազմությունից։ Նրա խոսքով, մինչև դեպքը պատահելը նույնպես ոչ մի տարօրինակ բան չի նկատել կամ լսել:
Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Մնացական Սուքիասյանի ոտքը վիրահատել են, երկաթի միջոցով վերականգնել են փշրված ոսկորը: «Բախտս բերեց, ոտքս շատ չէր վնասվել, թե չէ ոտքս կկտրեին: Հիմա ոսկորս մի քիչ կպել է»,-նշեց Մնացական Սուքիասյանը, որը ևս 15 օր հիվանդանոցում բուժում կստանա:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել։











