Խարդախության համար մեղադրվող, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով վկա Հենրիկ Հարոյանին դատարան բերելու համար նրա վրա ճնշում են գործադրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում ասաց փաստաբան Արա Զաքարյանը՝ ուշադրություն հրավիրելով նախորդ դատական նիստին վկայի ասածներին։

«Հենրիկ Հարոյանի կինն ասել էր, որ իր ամուսնու առողջական վիճակը լավ չէ, եւ իրենք միջոցներ չունեն, որ ամուսինը գա Հայաստան եւ ցուցմունք տա: Ի՞նչ եղավ հաջորդ դատական նիստին. անհապաղ անձը եկավ, այստեղ հայտնվեց եւ բերանից ուղղակի թռցրեց, որ ես ստիպված էի գալ, որ թոռանս հետ խնդիրներ չառաջանար: Հարգելի նախագահող, այս ամենը պետք է հաշվի առնել եւ գնահատել»,-ասաց Արա Զաքարյանը։

Փաստաբանը միջնորդեց դատարան չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները որպես ապացույց չճանաչել, քանի որ ինքը, որպես ամբաստանյալի պաշտպան զրկված է նրանց հարցեր տալու հնարավորությունից, եւ ընդգծեց որ դատավորը պարտավոր է բավարարել իր միջնորդությունը, քանի որ այն բխում է ՀՀ Սահմանադրության եւ Եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներից։

Դատավոր Լեւոն Ավետիսյանը ուղղակի անտեսեց միջնորդությունը եւ հետաձգեց դատական նիստը՝ որեւէ կերպ չհիմնավորելով որոշումը:

«Այսօր, երբ դատարանը տեսավ, որ այլեւս ճար չկա եւ պետք է բավարարի միջնորդությունը, կամայականորեն գործի քննությունն ընդհատեց, եւ ես կասկած չունեմ, որ հետաձգման պատճառներից մեկն էլ այն է, որպեսզի խորհրդակցի համապատասխան անձանց հետ եւ ցուցում ստանա, թե ինչպիսի որոշում կայացնի»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Զաքարյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանը ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ ամեն կերպ փորձում է դատարանում հաստատել վկաների նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

«Նախաքննության եւ դատարանի համար մեծ անակնկալ եղավ Մաթոսյանների՝ դատարանում տված ցուցմունքները, որ իրենց վրա ճնշում է գործադրվել նախաքննության ընթացքում, եւ նախաքննական մարմինն ու դատարանը մտավախություն ունեն, որ եթե մյուս վկաներն էլ գան, նույն վիճակը կառաջանա, եւ արդյունքում կհարուցվի մեկ այլ գործ վկաներից ապօրինի ձեւով ակնհայտ սուտ ցուցմունք կորզելու համար: Ես կարծում եմ, որ այս գործով դատավորը չի որոշողը, այլ որոշողներն այն անձինք են, ում պատվերով հարուցվել է քրեական գործը, եւ Վոլոդյա Ավետիսյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին»,-ասաց փաստաբանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի, նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։