Չինաստանի Ուրումչի քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 31 մարդ, 90-ից ավելին վիրավորվել են:
ՉԺՀ հանրային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ պայթյունը «լուրջ եւ դաժան ահաբեկչություն էր»: Գերատեսչության հայտարարությունում նշված է, որ իշխանություններն արտակարգ միջոցներ են ձեռնարկել:
Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղաքականության եւ իրավունքի հարցերով քարտուղար Մեն Ցզյանչժուն հայտարարել է, որ իշխանությունները «կպատժեն դաժան ահաբեկիչներին», հայտնում է «Ռիա Նովոստին»:
Հիշեցնենք, մայիսի 22-ի վաղ առավոտյան երկու մեքենա մխրճվել էին շուկայում խմբված ամբոխի մեջ: Այնուհետեւ անհայտ անձինք մեքենաներից պայթուցիկներ էին նետել մարդկանց վրա, մեկ ավտոմեքենա պայթել էր:











