«Հայկական ավիաուղիների» լուծարումից 10 տարի անց «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության անդամները դեռ պահանջում են փոխհատուցել իրենց առողջությանը հասցված վնասը: Այսօր՝ մայիսի 22-ին, մեկ տասնյակից ավելի նախկին օդաչուներ պաստառներով հավաքվել էին կառավարության առջեւ՝ պահանջելու իրենց հասանելիք գումարները:
«Մեր առողջությանը հասցված վնասներն ենք այստեղ պահանջում, չնայած որ մենք այսօր այստեղ ենք, բայց համոզված ենք, որ Հայաստանում միայն մի հոգի կարող է հարց լուծել, նրա անունը Սերժ Սարգսյան է, մնացածը հարց լուծող չեն: Մենք ոչ մեկից հույս չունենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին օդաչու Դավիթ Դավթյանը:
Նրա խոսքով՝ 4 տարի կառավարության մոտ են բողոքի ակցիա կազմակերպել, իսկ 2010-ից էլ նախագահականի մոտ են բողոքում. «Էնտեղ էլ ոչ մեկին պետք չենք, հիմա որոշել ենք՝ հինգշաբթի էստեղ հավաքվենք, ուրբաթ էնտեղ»:
35 տարի օդաչու աշխատած Դավիթ Դավթյանն ասում է, որ ամեն գնով ստանալու են իրենց հասանելիք գումարները, եթե նույնիսկ ստիպված լինեն դիմել Եվրոպական դատարան:
«Մենք աղքատ չենք, ու խնդրելով իրենցից չենք ուզում, ուղղակի տարիքով ենք, կմեռնենք, կգնանք, ոնց որ վարչապետն էր ասել՝ Տիգրանը, կմեռնենք, կգնանք, հարցը կփակվի, իրա խոսքերն են»,-ասաց նախկին օդաչուն:
Հաշմանդամ օդաչուները աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություններ, որը, գործատուն պետք է փոխհատուցեր, սակայն նրանց 2006-ից ոչ մի փոխհատուցում չի տրվել, գումարը կազմում է 570 մլն դրամ:
Նշենք, որ շահառու 118 օդաչուներից 63-ն են այժմ կենդանի:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերությունը «Հայկական ավիաուղիները» ձեռք բերելուց հետո այդ ընկերության իրավահաջորդ չի ճանաչվել։ Մինչեւ 2004թ. լուծարվող կազմակերպությունների դեպքում, երբ իրավահաջորդը չէր լինում, պետությունը փոխհատուցում էր այդ գումարները: Սակայն 2004-ից հետո կատարված օրենսդրական փոփոխությամբ պետությունն այդ պարտավորությունը չունի։











