Արմավիրի  մարզի Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր`մայիսի 22-ին, դիմել են NEWS.am-ի խմբագրություն` բողոքելով Էջմիածին-Երևան ավտոբուսի ուղեվարձի թանկացման դեմ: Նրանք հայտնել են, որ խուճապի մեջ են, քանի որ անհասկանալի պատճառով նախկին 111, այժմ՝ 202 համարի ավտոբուսի ուղեվարձը թանկացել է մինչև 50 դրամով:

202 համարի ավտոբուսի վարորդները, որոնց NEWS.am-ի թղթակիցը հանդիպեց Երևանի կենտրոնական ավտոկայանում, տեղեկացրին, որ Էջմիածնից Երևան ուղեվարձը չի թանկացել. այն նախկինի պես 220 դրամ է: Նրանք նշեցին, որ թանկացել է միայն Էջմիածին-Զվարթնոց եւ Էջմիածին-Մուսալեռ երթուղու ուղեվարձը` նախկին 50 և 70 դրամի փոխարեն դառնալով 100 դրամ:

Վարորդներից ոմանք էլ NEWS.am-ին ասացին, որ Էջմիածին-Զվարթնոց երթուղին մինչեւ թանկանալը շահագործվում էր 50 դրամով միայն իրենց շնորհիվ, որոնք, ուղեվարձը թողել էին անփոփոխ՝ չնայած դեռ տարիներ առաջ այն սահմանվել էր 100 դրամ:

«Մարդիկ չգիտեն՝ 20 տարի առաջ արդեն էդ գինը 100 դրամ էր սահմանված, ուղղակի վարորդերն էին, որ 50 դրամով էին տանում: Հիմա ծախսերը շատացել են, ուղևորներ չկան, բոլորը գնացել են Ռուսաստան, 50 դրամով ընդհանրապես ձեռք չի տալիս: 50 դրամը 20 տարի առաջ վերացել ա, ոչ մի տեղ տենց գին չկա, բացի Էջմիածին-Զվարթնոցից»,-ասաց վարորդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ: Նա նշեց, որ արդեն 3 օր է, ինչ ուղեվարձը թանկացել է և շատ ուղևորներ՝ հիմնականում թոշակառուներ, հրաժարվում են երթևեկել նոր ուղեվարձով. «50 դրամ տալիս, իջնում են, ասում են՝ էս ա՝ ուզում ես, ուզի, չես ուզում, մի ուզի»:

Ուղեվարձի թանկացման մասին Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչությունում անտեղյակ էին: Վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը NEWS.am-ին ասաց, որ նախարարությունը ոչ մի երթուղու փոխադրամիջոց չի բարձրացրել: Հասկանալով, որ խոսքը Էջմիածին-Զվարթնոց երթուղու ուղեվարձի մասին է, նա նշեց, որ 202 համարի ավտոբուսի համար օրենքով նման երթուղի սահմանված չէ. այն նախատեսված է միայն Էջմիածնից Երևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար` առանց կանգառների, վարորդներն իրենք են լրացուցիչ կանգառ սահմանել։