Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության առաջնորդ Վալերի Բոլոտովը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով խաղաղապահ զորքեր մտցնել հանրապետության տարածք, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նա դա հիմնավորում է նրանով, որ «ուկրաինական զորքերը ագրեսիայի ակտ են իրականացրել խաղաղ բնակիչների նկատմամբ»:
Բոլոտովը նշել է, որ ԼԺՀ-ն բավարար ուժեր չունի դիմակայելու, ուստի հույս ունեն, որ Ռուսաստանը խաղաղապահ զորքեր մտցնելու որոշում կկայացնի նախքան տարածաշրջանում կսկսվի «Ուկրաինայի կառավարության կողմից ստեղծվող հումանիտար աղետը»:
ԼԺՀ-ի առաջնորդը նաեւ հրաման է ստորագրել «պատերազմական դրություն հայտարարելու» մասին եւ մոբիլիզացիա հայտարարել:
Լուգանսկում արդեն մի քանի ժամ բախումներ են ընթանում Ուկրաինայի Ազգային գվարդիայի մարտիկների եւ «Հարավ-արեւելքի բանակի» միջեւ:
Հաղորդվում է, որ Լուգանսկի հյուսիսում գտնվող Լիսիչանսկում մարտի հետեւանքով կան վիրավորներ ապստամբների շրջանում եւ զոհեր՝ուկրաինացի ուժայինների շրջանում:











