«Հարսնաքարի» գործով 6 ամբաստանյալներից 5-ի հարազատները երկրորդ օրն է՝ վաղ առավոտյան կանգնում են Բաղրամյան-Կապուտիկյան խաչմերուկում, որպեսզի նախագահը նստավայր գնալիս տեսնի իրենց բողոքի պաստառները: Նրանք բողոքում են մարտի 24-ին առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ, որով բոլոր մեղդրյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։

«Հարսնաքար»-ի գործով բոլոր վեց մեղադրյալների վերաքննիչ բողոքը դատարանը  կսկսի քննել մայիսի 30-ին: Մեղադրյալի հարազատները  հավատում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է օգնել իրենց, եւ վերահսկել, որպեսզի  Վերաքննիչ քրեական դատարանում կայացվի արդար վճիռ:

«Մեր նախագահը գոնե տեսնի, գոնե ազդեցություն ունենա, տեսնի մեր տանջանքները, ծնողների տանջանքները, գոնե Վերաքննիչ դատարանում արդար վճիռ կայացվի: Դիմելու ենք հետո Վճռաբեկ էլ, Եվրոպական  դատարան էլ: Իսկ եթե ոչ մի հարց չլուծվի, ես պահել եմ բենզինը, լցնելու եմ իմ վրա ու ինձ վառեմ, էլ ուրիշ ճար չունեմ ես»,- այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am-ին ասաց դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը:

Գարիկ Մարգարյանի մայրն անդրադարձավ նաեւ իր դեմ հարուցված քրեական գործին։

«Ես մենակ ուզում եմ մեր իրավապահ մարմիներին դիմեմ, եթե իրենք լինեին իմ տեղը, ո՞նց կանեին, ո՞նց կնայեին էն հանգամանքին, որ իրանց տղային անմեղ տեղը դատապարտել են 12 տարով: էս կյանքը անակնկալներով լիքն է, իրանք էսօր վերեւում են, վաղը կարող են ներքեւում հայտնվել: Հայկո-Մկոյի մեջ են լավ ասում` էսօր արա էս, վաղը` արքա, չեն իմանա, վաղը իրանք ինչ կլինեն»,- ասաց դատապարտյալի մայրը:

Հիշեցնենք, որ Նունե Մարգարյանի դեմ մեղադրանք է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը): Դատավճռի հրապարակումից հետ նա դատարանի դահլիճում վիրավորել էր դատավորին, փաստաբանին եւ լրագրողներին, նաեւ պայուսակը նետել նրանց ուղղությամբ։ 

Դատապարտյալ Արման Բաղդասարյանի կնոջ՝ Աստղիկ Մանուկյանի խոսքով, իրենց բողոքի ակցիաները արդյունք են տվել.

«Որ նոր եկել էինք, ակցիա էինք անկացնում, ժողովրդի մի մասն անցնելիս ինչ անեծքներ, ինչքան անպատիվ խոսքեր կար փսփսում, անցնում էր, հիմա այնքան շնորհակալ եմ, որ բազմաթիվ մարդիկ, մոտենում են, իմանում ճշմարտությունը ու մեզ հետ կիսում  մեր ցավը»,- ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: Մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով բոլոր 6 ամբաստանյալներին դատարանը, դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ մեղադրողը 13 տարվա ազատազրկում էր պահանջել ամբաստանյալների համար։