Երեք տարի առաջ բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, չի հավատում, որ երգչուհի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը անցած տարվա մարտի 3-ին «Հայկական ուրբաթ» հաղորդման ժամանակ լեզվի սայթաքման հետեւանքով է խոսել Հադրութում մահացած 9 զինծառայողներիի մասին:
«Շուշան Պետրոսյանը, ով բոլորին կոպտում, վիրավորում է, իմ երեխու պահով էլ կանգնեց, ասեց՝ «էս էլ չլինի Հադրութի 9 սպանված զինվորները թուրքի կողմից»: Ես ի՞նչ ասեմ Շուշանին, էլ բառեր չկա, մի բան ասում է, հետո հերքում, ես չեմ հասկանում այդպիսի ստախոսին ինչի են պահում որպես պատգամավոր»,-ասաց Իրինա Ղազարյանը:
Տիկին Ղազարյանը չի հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի, իր որդին գլխի ուռուցք է ունեցել եւ վիրահատությունից հետո գիտակցության չգալով մահացել է։ Նրա կարծիքով՝ իր որդուն սպանել են՝ գլխին հարվածելով։ Նա արդեն երեք տարի պահանջում է ճշմարտության բացահայտում։ Իրինա Ղազարյանի խոսքով՝ այս պատմությունում շատ մութ կողմեր կան. նույն օրը նույն զորամասում եւս 8 զինվոր է մահացել Մուրացանի զինվորական հոսպիտալում։ Շուշան Պետրոսյանը հեռուստատեսային բանավեճում ասել էր. «Հադրութում զոհված ինը զինվորները անցյալ տարի սահմանում թուրքի կողմից կրակված ողբերգություն չէ՞ր»։ Երգչուհին սկզբում հերքել է, որ ինքը նման բան է ասել, սակայն հաղորդման տեսագրությունը տեսնելուց հետո ասել է, որ ինքը նկատի է ունեցել 94-ի զինադադարից հետո սահմանին զոհված զինծառայողների ընդհանուր թիվը։ Մահացած զինծառայողի մոր կարծիքով՝ երգչուհին պատահաբար չի այդ մասին խոսել, նա, հավանաբար, ինչ-որ տեղեկություն է ունեցել։
Տիկին Իրինայի խոսքով` Շուշան Պետրոսյանը չի հարգում իր մայրական զգացմունքները. «Ի վերջո, ինքը մայր է, պիտի մի փոքր սիրտ ունենա, խիղճ ունենա, ասի՝ էս ծնողները կանգնած պայքարում են, օրինակ, ես շնորհակալ եմ լրագրողներին, որ լուսաբանում են, իրա նման տգետ չեն, որ ասածը հերքում են: Ինքը միայն տաքսի սերվիսում պետք է դիսպետչեր աշխատի, իրեն միայն այդ կադրն է սազում: Այսինքն լափարոշ բերանը բացի, ում ոնց ուզենա անպատվի»:
Մոր կարծիքով՝ որդուն եւ նրա ծառայակիցներին սպանել է զորամասի հրամանատարը։
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի տվյալների, ժամկետային զինծառայող Արթուր Սմբատի Ղազարյանը, 2010թ. դեկտեմբերի 15-ին իրեն վատ է զգացել, շուրջ 36 ժամ անց կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել հոսպիտալ: 2010թ. դեկտեմբերի 17-ին վիրահատվել է, դեկտեմբերի 21-ին մահացել` այդպես էլ գիտակցության չգալով: Քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության միջադեպի բացակայության պատճառաբանությամբ:











