Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական նիստին այսօր՝ մայիսի 22-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկան վկա Հովհաննես Եսայանը բառ առ բառ կրկնեց նախորդ  վկաների ցուցմունքները, իսկ դեպքի մանրամասների վերաբերյալ գրեթե բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց՝ չեմ հիշում:

Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանի այն հարցին, թե կոնկրետ ինչ գործողություններ է իրականացրել ինքը դեպքի օրը Կոմիտաս 5-ում, վկան պատասխանեց. «Ձեր անվտանգությունն էինք ապահովում»:

Պաշտպանի  մյուս հարցին՝ թե ինքն առհասարակ ինչ ֆունկցիաներ է իրականացնում որպես ոստիկան, վկան պատասխանեց՝ չեմ հիշում, արդեն 5 ամիս է՝ համակարգում չեմ աշխատում: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ այդ օրը ինքը Կոմիտասի պողոտայում իր ամենօրյա ֆունկցիան էր կատարում՝ հասարակական կարգն էր պահպանում:

Պաշտպանական կողմի հարցերին պարբերաբար միջամտում էր մեղադրող Արթուր Երիցյանը, ինչը վրդովեցրեց Արգիշտի Կիվիրյանին:

«Դուք ունեիք հնարավարություն նախապատրաստելու, սովորեցնելու, ոնց որ ընդհանրապես անում եք, հիմա եթե տապալել եք դա, պետք չի ամեն անգամ տեղից խոչընդոտել հարցաքննությանը»,- ասաց Կիվիրյանը: Կիվիրյանի հայտարարությունը ընդհատեց վկան, որը բղավելով ասաց. «Ժամանակս չեմ տրամադրելու դատին, լիքը գործեր ունեմ...ուզում եմ դուրս գամ էս դատից, նման վերաբերմունքի չեմ ուզում արժանանալ»:

«Ոստիկան չաշխատեիր, ապօրինություն չանեիր, կեղծ ցուցմունք չտայիր, չէիր կանգնի էս դատարանի առաջ»,- բարկացած ասաց Արգիշտի Կիվիրյանը։

Վկայի պահվածքը վրդովեցրեց պաշտպաններին, որոնք դատարանից պահանջեցին կարգի հրավիրել գոռգոռացող վկային:

Հովհաննես Եսայանն իր ցուցմունքը շարունակեց դատական նիստի 10 րոպեանոց ընդմիջումից հետո: Նա վկայություն տվեց այն մասին, որ Կիվիրյանը Կոմիտաս 5-ում հայհոյել է, սկզբում ասելով, թե հենց իր վերադասին՝ տուժող Վահան Վրթանեսյանին է հայհոյել, այնուհետև ասաց, թե չի հիշում՝ ում է հայհոյել Կիվիրյանը: Վկան իր ցուցմուքում նշեց, որ Կիվիրյանի ձեռքին քերծվածքներ կային, բայց դրանք նկարագրել չկարողացավ՝ ասելով, թե չի հիշում:

Վկային ուղղված՝ պաշտպանի մի քանի հարցեր, որոնք վերաբերում էին դեպքի մանրամասներին ու այդ օրը ոստիկանի ունեցած լիազորությունները ճշտելուն, դատարանը հանեց, ինչը վրդովեցրեց Լուսինե Սահակյանին.

«Ի տարբերություն դատարանի՝ մենք ունենք բավարար ապացույցներ, գիտենք՝ ինչ է այնտեղ տեղի ունեցել: Հետագայում, երբ մենք մեր ապացույցները բերենք, դուք կհասկանաք՝ ինչ էինք ասում: Իրական պատկերը ունենալով՝ ես հարցեր եմ տալիս վկային»,-ասաց նա:

Դատական նիստը ոստիկան վկայի ցուցմունքով ավարտվեց, քանի որ մյուս վկաները չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկի վերաբերյալ դատարանը բերման ենթարկելու որոշում կայացրեց: 

Նշենք, որ մինչեւ այս վկայություն են տվել ոստիկանները, որոնք միմյանց, ու իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ են տվել: Ոստիկանները, որոնք երեքն էլ ոստիկանական մեքենայում են եղել Կիվիրյանին բերման ենթարկելիս, տարբեր կերպ են ներկայացրել դեպքը: Գործով վերջին ոստիկան վկան այսօր նիստին վկայություն տված Հովհաննես Եսայանն էր:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: