Գյումրու Գարեգին Նժդեհի 2 հասցեում տեղակայված նախկին տեքստիլագործների  հանրակացարանում շուրջ  20 ընտանիք է բնակվում: Կիսաքանդ, 4-րդ աստիճանի վթարային շենքի գարշահոտ ու խարխուլ սենյակներում առնետների համակեցությամբ ապրում են բազմանդամ ընտանիքներով։ Շենքում կենցաղային տարրական պայմաններ չկան, կոյուղին չի գործում, բնական կարիքները հոգում են դատարկ սենյակներում, մուտքից մինչեւ չորրորդ հարկի միջանցքները կենղացային աղբով են լցված, ինչը համաճարակային հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառն է։

NEWS.am –ի  թղթակցի այցելության պահին 3-ամյա Արամ Մկրտչյանը նոր էր դուրս գրվել հիվանդանոցից: Ցրտահարության պատճառով փոքրիկի ականջի հատվածում  թարախային գունդ է առաջացել։

«Տղայիս  հազիվ փրկեցին, բժիշկներն ասում են՝ եթե մեկ օր էլ ուշացնեի, նրան փրկել հնարավոր չէր լինի, ցրտահարությունից գրիպ եղավ, ինչի հետեւանքով էլ թարախային գունդ առաջացավ, անընդհատ գլխապտույտ ուներ, սրտխառնոց, ես էլ չէի հասկանում՝ ինչից է, լավ է՝ շուտ հասանք, թե չէ թարախն ուղեղին էր հասնելու»- NEWS.am-ին պատմեց Արամի մայրը՝ Լիանա Մուրադյանը:

Արամն ընտանիքի 5-րդ երեխան է, նրա կրտսերը 8 ամսական է. 6 երեխա մեկ սենյակում քնում, արթնանում, ուտում ու խաղում են, սենյակի պատուհանները կիսաքանդ են, դռներն էլ՝ կոտրված: Շենքի միջանցքներում երեխաների խաղընկերները թափառական շներն ու կատուներն են:

88-ի երկրաշարժից հետո հանրակացարանում բնակություն հաստատած  ընտանիքներից գրեթե ոչ մեկը որպես անօթեւան հաշվառված չէ, քանի որ մի մասը  վերցրել է բնակարան գնելու համար նախատեսված գումարը, ծախսել են ու հայտնվել  նման վիճակում:

«Ես իմ անունով ստացել եմ տան համար գումարը, բայց տղայիս բուժման եմ տարել , հետո ինձ խոստացան՝ դոմիկ կտան, չտվեցին, ու ահա ես եկա ընտանիքս հետ այս հանրակացարան, ու ապրում ենք չապրելու հաշվով, եթե օգնողներն չլինեն, ուտելու բան էլ չենք ունենա»,- ասաց Շողիկ Մուրադյանը:

Շողիկ Մուրադյանի որդին ձերբակալված է, նրա 5 թոռները՝  23-ամյա  հարսի՝ Աիդա Ստեփանյանի հետ ապրում են  աղբակույտի վերածված սենյակներից մեկի կողքին՝  խոնավ ու դատարկ սենյակում:

5 երեխաներից երկուսը՝ երկվորյակներ 6-ամյա Արթուրն ու Շողիկը, սահմանափակ կարողություններով են ծնվել ՝շարժողական խնդիրներ ունեն, Դիանան էլ ողնաշարի հետ կապված  խնդիր ունի: Գործազուրկ Մուրադյանների ընտանիքն ապրում է երեխաների համար նախատեսված հաշմանդամության թոշակով:

Տարեսկզբին այս ընտանիքների մեծուփոքր անդամների մոտ մաշկային հիվանդություն էր առաջացել. բժիշկներն ախտորոշել էին մաշկաբորբ, ինչն առաջացել է կենցաղային վատ պայմաններից: 3 ամիս անց փոքրիկ Նարեկի մարմնի վրա կրկին նույն վերքերից են առաջացել, թեեւ վերքերն արդեն չորանում են, սակայն վտանգը դեռ չի անցել: Նարեկի մոր՝ Աիդա Ստեփանյանի խոսքով, բժիշկների տված դեղերը բավարար չեն եղել լիարժեք բուժման համար, այժմ էլ հնարավորություն  չունեն կրկին դեղ գնել:

«Նորից այդ վերքերից է եղել երեխայիս վրա, ճիշտ է՝ չորանում են, բայց  չենք կարող ասել՝ կկրկնվի հետո, թե չէ, ես էլ հիմա ի վիճակի չեմ դեղ գնել»,-ասաց Աիդա Ստեփանյանը: