Գյումրիում ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի սպանությունից երկու ամիս անց Գյումրի են եկել սպանվածի եղբայրն ու քույրը՝ Թեքին եւ Ֆաթմա Գյուլուշթեքիները: Նրանք ուզում են որդեգրել իրենց եղբոր անչափահաս երեխաներին եւ իրենց հետ տանել Թուրքիա բնակության: Այս մասին NEWS.am-ին  հայտնեց Էվիլիա Գյուլիշթեքինի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սուսաննա Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս իրեն պաշտպանել ցանկացած երկրի քաղաքացու իրավունքները։

«Ազգությամբ քուրդ սպանվածի հարազատները, քանի որ միշտ չեն կարող գալ Գյումրի, խնդրել են, որ ես որպես իրավահաջորդի ներկայացուցիչ հանդես գամ, ՀՀ Սահմանադրությունը չի արգելում, որ մենք այլ պետության քաղաքացու պաշտպանենք, ո՞վ էր պաշտպանում Հրանտ Դինքին Թուրքիայում, թուրքերը  չէի՞ն, ինչո՞ւ են սովորական, կենցաղային հողի վրա կատարած սպանությանը քաղաքական աստառ տալիս»,- NEWS.am-ին ասաց, որ ասաց Սուսաննա Մխիթարյանն ու հավելեց, որ ինքը կատարում է իր աշխատանքը, ու ազգային պատկանելությունը կարեւոր չէ:

Սուսաննա Մխիթարյանի խոսքով՝ հայրենակիցները մեղադրում են իրեն Թուրքիայի քաղաքացի քրդերի պաշտպանությունը ստանձնելու համար՝ մոռանալով, որ որբացած անչափահաս երեխաները ոչ միայն քուրդ են, այլեւ եզդի ու ծնվել են Գյումրիում: Ըստ նրա, երեխաների քուրդ հարազատները պնդում են, որ Թուրքիայում նրանց հայրը մեծ ժառանգություն է թողել:

«Հորաքույրն ասում է, որ իրենց սպանված եղբայրը Թուրքիայում հարուստ ժառանգություն ունի, եւ որ երեխաների ապագան ապահովված է, իսկ մորաքույրը չի կարող երեխաներին պահել, բազմիցս նա է ինձ ասել, որ գումար չունի նրանց պահելու»,-ասաց Սուսաննա Մխիթարյանն ու ավելացրեց, որ մորաքույրն իր շահերն ունի երեխաների խնամակալը ճանաչվելու հարցում:

«Կասկածներ կան, որ մորաքույրը խնամակալ ճանաչվելու դեպքում տանելու է Թուրքիա, վաճառի կամ էլ  ուրիշի տա, մորաքույրն անձամբ ինձ է ասել»,-ասաց Սուսաննա Մխիթարյանը:

Ըստ նրա, երեխաների մորաքույրն աչք է դրել սպանված քրոջ՝ Մուշ 2 թաղամասի բնակարանի վրա։

«Մորաքույրը երեխաների համար չէ, որ պայքարում է, բնակարանի համար է պայքարում, որովհետեւ այսօր նա բնակարան չունի, սակայն այս բնակարանից պետք է դուրս գա, քանի որ իրավունք չունի այդ տանն ապրելու»,- ասաց փաստաբանը։

NEWS.am-ի հետ զրույցում երեխաների մորաքույրը՝ Բասե Շարոյանը, հերքեց փաստաբանի հնչեցրած բոլոր մեղադրանքները. երեխաներին մինչեւ հարկադրաբար գիշերօթիկ կենտրոն տանելը ինքը պահել է  կուշտ ու կոկիկ, իսկ բնակարանն իրենց հայրական տունն է, եւ ոչ ոք իրավունք չունի նրան դուրս հանել։

«Այդ իրավահաջորդը երեւի արդեն շատ է թուրքականացվել, էդ  երեխաների թուրք բարեկամներն են սովոր մարդ վաճառել, թող մի հատ նայի, թե ում է պաշտպանում, ամբողջ Գյումրին գիտի, որ նրանց թուրք եղբայրը ջահել աղջիկների է տարել Թուրքիա ու մարմնավաճառ սարքել, բա սրանց նմաններին մարդ կպաշտպանի՞»,-ասաց Բասե Շարոյանը:

Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, մեկ տարի առաջ Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am -ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: «Մաքսիմն էլ՝ թե ոնց, դու մամայիս փողով ե՞ս սպանել, դու հասկանում ե՞ս՝ ինչ ես խոսում»,- ըստ Մաքսիմի մորաքրոջ, ասել էր տղան, վիճել խորթ հոր հետ ու դանակահարել նրան։ 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը կալանավորված է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով: