Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը մայիսի 22-ին` ծննդյան 90-րդ հոբելյանի օրը, համերգ է տվել Բեռլինի «O2 World» արենայում: Այս մասին, France-Presse գործակալությանը վկայակոչելով, «La Nouvelle Republique» պարբերականն է գրում: Ազնավուրն ի սկզբանե ասել է. «Վերջին անգամ ծննդյան օրս 50 տարեկանում եմ նշել: Սա զուտ պատահականություն է, որովհետեւ Բեռլինի համերգասրահը միայն հինգշաբթի երեկոյան էր ազատ»:

Բացառությամբ «Ծնունդդ շնորհավոր» երգի, որով արտիստին բեմ ելնելիս հանդիսատեսը ողջունեց եւ ծաղկեփնջերի, ֆրանսիական շանսոնի վերջին «հսկայի»` Շառլ Ազնավուրի 90-ամյակն այնպես անցավ, ինչպես հոբելյարն էր կամենում` «սովորական աշխատանքային օրվա» ռեժիմով: «Ձայնս 20 տարեկանից չի փոխվել: Բայց այն ժամանակ ասում էին, որ սարսափելի եմ հնչում», - նախաբանի փոխարեն հիշել է շանսոնյեն: Այդ կերպ նա նախապես ներողություն էր խնդրում ձայնի համար, որն, ակնհայտորեն, այլեւս դժվարությամբ է վերին նոտաները վերցնում:

Սակայն «O2 World»-ի հանդիսատեսը` չորս հազար մարդ, որոնք մեծ ի մասամբ տարիքով զիջում են երգչին, բայց եւ անգիր գիտեն նրա բոլոր ստեղծագործությունները, արդեն նախօրոք ամեն ինչի համար ներել էր Ազնավուրին: Երբ առաջին` երախտիքի «Իմիգրանտներ» («Les immigrants») երգը հնչեց, նրա էներգիան կարծես այնպիսին էր, ինչպես միշտ է եղել, սակայն երեկոն ավելի կարոտախտային ` «I didn't see the time go by», «La jeunesse», «Il faut savoir», «Les plaisirs démodés», «La bohême» մեղեդիներով շարունակվեց:

Նրա ավանդաբար նրբաճաշակ միզանսցենն այս անգամ մի փոքր ավելի մինիմալիստական էր: Մեկուկես ժամ տեւողությամբ ելույթի ընթացքում տեմպի փոփոխություն գրեթե չնկատվեց` չնայած «Emmenez-moi» երգի կատարման ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Պատճառն ակնհայտորեն հիշողության խափանումն էր: «Եկեք` ճշմարտությունը ասեմ: Ես սուֆլյոր ունեմ: Այդպիսի միակը չեմ, բայց ասում եմ դրա մասին: Մինչեւ հիմա խնդիր չեմ ունեցել, բայց հիմա ունեմ», - անգլերեն ու ֆրանսերեն բառեր միախառնելով ասել է շանսոնյեն եւ ավելացրել. «Ինչպես հեռուստատեսությունում են ասում, սկսենք նորից»: