Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը այսօր՝ մայիսի 23-ին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ իր դատավարությունը քաղաքական պատվեր է։

«Իմ ընտանիքին պատկանող «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վրա ծաղկեպսակ է դրված եղել ամսի 5-ի գիշերը, ամսի 6-ին էլ իմ դատն է եղել։ Եւս մեկ անգամ իշխանությունները փաստում եւ ապացուցում են՝ էս ամենը պատվեր է, որի համար ես ոչ մեկից ոչինչ չունեմ վախենալու։ Այստեղ խնդիրը ես չեմ, խնդիրը մեր ժողովուրդն է, մեր պետությունն է, որ մեր ազգի կեսը չի հասկանում, որ կորցնում ենք»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը՝ խոսքն ուղղելով իր մարտական ընկերներին։

Պահեստազորի գնդապետի մարտական ընկերները ծափահարեցին եւ բացականչեցին «Փառք հերոսին»։

Փաստաբան Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց, որ փոխեն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ ազատ արձակեն նիստերի դահլիճից, քանի որ հիմնական վկաներին հարցաքննել են, իսկ մյուս վկաները երկրում չեն, ուստի տեսականորեն բացառվում է, որ Վոլոդյա Ավետիսյանը նրանց վրա կարողանա ազդեցություն գործել։

«Եթե դատարանը մերժի իմ միջնորդությունը, ապա թող գրավով ազատ արձակի իմ պաշտպանյալին»,-ասաց փաստաբանը։

Փաստաբանն իր ելույթում նաեւ դիմեց մեղադրողին՝ ասելով. «Հնչեղություն ստացած եւ քաղաքական կոնտեքստ ստացած գործերով խափանման միջոցը որոշում է ոչ թե դատավորը, այլ մեղադրողը։ Ուստի, հարգելի մեղադրող, խնդրում  եմ դիրքորոշում հայտնելուց հաշվի առնել, որ Ձեր որոշումից է կախված լինելու դատարանի որոշումը»։

Մեղադրող Վարդան Պապիկյանն առաջարկեց մերժել միջնորդությունը, դատարանը մերժեց այն, ինչի պատճառով աղմուկ բարձրացավ դահլիճում։

Արա Զաքարյանը ի նշան դժգոհության բոյկոտեց դատական նիստն ու դուրս եկավ դահլիճից, ազատամարտիկներն սկսեցին բողոքել։

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի դուրս գալուց առաջ դատախազի սեղանին դրեց երկու ափսե, որոնցից մեկի մեջ Լաչինից բերված հող էր, մյուսի մեջ՝ մանրադրամ։

«Սա մեր ազատագրած հողն է, սա էլ քո ստացած գրոշները։ Դե հիմա կշռի, տես, թե որն է ավելի ծանր»,- ասաց նա՝ դիմելվ դատախազին։

«Ամոթ դատավորին» բացականչություններով դահլիճը լքեցին նաեւ ազատամարտիկները, որոնք դուրս եկան ու փակեցին կալանավորներին շենքից դուրս բերելու ճանապարհը, որպեսզի թույլ չտան դատարանից տանել Վոլոդյա Ավետիսյանին։

Դատական կարգադրիչներին, որոնց թիվն այսօր առանց այդ էլ սովորականից մեծ էր, քիչ անց միացան ոստիկանական ուժեր։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք այս պահին բանակցում են ազատամարտիկների հետ, որպեսզի համոզեն բացել ճանապարհը։

Ազատամարտիկները պահանջում են իրենց մարտընկերոջ գործով արդար դատավարություն։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։